Mediahub-ին ահազանգում են, որ Արդարադատության նախարարությունում բարձիթողի իրավիճակ է։
Մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ այսօր գնացել է նախարարություն ու բախվել տեղի աշխատակիցների անտարբեր վերաբերմունքին ու նրանց դժգոհ դեմքերին։
«Էսօր գնացի փաստաթղթերի միջազգային վավերացում անելու, ներսում «պիկ» վիճակ էր, իրենց տերմինալը չէր աշխատում ու աշխատակիցներն ահավոր դանդաղ են աշխատում։ Ես իրենց հարցնում եմ՝ ի՞նչն է նման ձև աշխատելու պատճառը, չեն պատասխանում։ Վերջում էլ առհամարակ ձևով նայում են դեմքիս ասում են՝ կարող ա քո հերթը էսօր չհասնի»,- վրդոհված պատմում է քաղաքացին։
Նրա կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ օտարերկրացիներին և հայերին տարբեր բաժիներում սպասարկեին, քանի որ հիմնական հերթերի խնդիրը գալիս է հենց այստեղից։
Մեզ հետ զրույցում Արդարադատության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանն ասաց՝
«Նախարարությունը բաց է բոլոր քաղաքացիների համար, և յուրաքանչյուրի հարցը կարևոր է։ Բողոքների կամ առաջարկությունների դեպքում քաղաքացին կարող է դիմել նախարարության թեժ գծին: Ցավում ենք, եթե հերթերի պատճառով լարվածություն է առաջացել։ Ինչ վերաբերում է «հերթը չհասնելուն»՝ նշենք, որ եթե քաղաքացին աշխատանքային օրվա ընթացքում կտրոն է ստացել, ապա նա անպայման կսպասարկվի։ Սա անկախ հերթերի ծավալից»։
Նա նշեց, որ նախարարությունը շարունակաբար աշխատում է քաղաքացիների հոսքի արդյունավետ կառավարման և փոխադարձ հարգանքի մթնոլորտի պահպանման ուղղությամբ:
Էմմա Մարտիրոսյան