Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մեր զինվորների զոհվելու հիշատակի օրը երգող ու պարող իշխանությունը վաղը «Եռաբլուրում» խրախճանք կկազմակերպի

Blog Image

Հանրության մոտ խորը զզվանք առաջացրեց այն փաստը, որ սեպտեմբերի 13-ին, այն օրը, երբ երեք տարի առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ ու ինչի արդյունքում ունեցանք շուրջ 224 զոհ, ավելի քան 200 վիրավոր ու գերեվարվածներ, իշխանությունը Հրազդանում համերգ կազմակերպեց։ Այդ քայլը անարգանք էր զոհերի հանդեպ, անարգանք նրանց հարազատների հանդեպ, անարգանք հայոց բանակի հանդեպ, անարգանք հասարակության հանդեպ։ 

ՔՊ-ական ոմն Արթուր Հովհաննիսյան, այսօր լրագրողի հարցին տալիս է պատասխան, որ մեր հայրենակիցները զոհվել են, որպեսզի մենք երջանիկ ու բարեկեցինք լինենք, ուստի նա միանգամայն օրինաչափ է համարում այդ օրը համերգ կազմակերպելը։ Անշուշտ, հեշտ է երիտասարդ փողկապավորին ԱԺ ապահով սենյակից խոսել պատերազմի մասին ու դատողություններ անել կյանքը զոհած մարդկանց մասին։ Նմանը երբեք չի լինի առաջնագծում, երբեք չի կարող զգալ զոհվողի վերջին վայրկյանների ապրումները, երբեք չի կարող տեսնել, թե ինչպես են իր շուրջ մեռնում երիտասարդներ։ Նմանը կարող է միայն դատողություններ անել այլոց կյանքի հաշվին։

Նման պատասխանն էլ ավելի նողկանք է առաջացնում սույն «քաղաքական» զանգվածի հանդեպ, որոնք ոչ միայն չունեն հայրենիք ու արժեհամակարգ, այլև զուրկ են այլոց վշտերը ընկալելու, հասկանալու ու գոնե ձևականորեն ապրումակցելու, այո՛, հենց ձևականորեն, քանի որ մեծաքանակ երիտասարդների զոհվելու օրը երգողն ու պարողը չի կարող իրապես վշտակցել։
Նման միտք բարբաջելուց առաջ լավ կլինի պատկերացնել այն ծնողների վիճակը, որոնք տեսնում են, թե ինչպես են բեմում ու բեմի շուրջը տռճիկ տալիս այն նույն վայրկյաններին, երբ իրենց որդին զոհվում էր։ Դիրքերում մեր զինծառայողներին գնդակահարելու կադրերը տեսած ծնողին դժվար է համոզել, որ ահա մենք հիմա «քեֆ ենք» անում, որովհետև որդուդ գնդակահարեցին հենց մեր անասնական խրախճանքի համար։ 

Նման տրամաբանությամբ՝ սեպտեմբերի 13-ը (ջերմուկյան պատերազմի օրը) հռչակեք պետական տոն, սեպտեմբերի 27-ը (44-օրյա պատերազմի սկիզբը) հռչակեք պետական տոն, Ցեղասպանության օրը կարմիրով նշեք օրացույցում, Եռաբլուրում ուրախ քեֆեր կազմակերպեք։ Այնտեղ ու ոչ միայն այնտեղ պառկած մեր բոլոր տղերքն իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, այո, զոհվել են հանուն ազգի, որ մենք ապրենք, կյանքը շարունակվի, բայց նրանց մտքով դժվար երբևէ անցած լինի, որ հենց իրենց զոհվելու վայրկյանները Հայաստանում կնշեն համերգով։

Այնուհետև սույն երեսփոխանը շարունակում է, որ իր կարծիքով՝ նրանք երկնային կյանքում երջանիկ են, երբ տեսնում են, որ իրենց հայրենակիցները երգում ու պարում են։ Նախ անբարոյականություն է հանգուցյալների մասին դատողություններ անել, որոնք նրանք ո’չ կարող են հերքել, ո’չ էլ հաստատել ու կրկնակի անբարոյականություն է սեփական վարքն ու բարքն արդարացնելու համար զոհերին վերագրել մտքեր ու գործողություններ։ Տարրական պարկեշտությունը թելադրում է, որ նման օրերին պետք է հարգել, խոնարհվել զոհերի հիշատակի առջև, այցելել նրանց շիրիմներին ու խնկարկել, այլ ոչ թե ձայնը գլուխը գցել ու երգել։
Դե եթե այդպես է, եթե դուք այլոց մահվան օրը հիշում եք երգելով, այլոց հարազատների զոհվելու պահերը արժեվորում եք պարելով, ապա ձեր հարազատների մահվան տարելիցներին կգնաք գերեզմաններ ու լավ խրախճանք կկազմակերպեք, թող նրանք նույնպես երկնային կյանքում երջանկանան՝ տեսնելով ձեր անասնական վարքը։

Կարեն Կարապետյան

Send