Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Աշխարհը գնում է էլ ավելի արյունահեղ պատերազմի, որից չի խուսափի նաև Հայաստանը

Blog Image

Աշխարհը գնում է լայնամասշտաբ պատերազմի, ինչի արդյունքում էլ նոր աշխարհակարգի ձևավորումը կստանա իր վերջնական պատկերը։ Պատերազմի հիմնական պատճառն այն է, որ համաշխարհային դերակատարների մոտ գերիշխում է պոպուլիզմը, շոուներ կազմակերպելու ձգտումն ու սեփական անձը ֆետիշացնելու անթաքույց նկրտումները, մտքի պարզունակությունը։

Բացակայում է խորքային մտածողությունը, ինչը ֆունդամենտալ կարևորություն ունի համաշխարհային քաղաքականությունում։ Ներկայիս ղեկավարների ճնշող մեծամասնությունը համեմատության որևէ աղերս չունի նախկինում իշխանության եղած անձանց հետ, որոնք միջազգային հարաբերությունների ճարտարապետներն էին։

Օրինակ՝ Թրամփը, որն իշխանության է եկել «աշխարհին խաղաղություն» բերելու առաքելությամբ, այդ ամենը պատկերացնում է հիմնականում սեփական անձը Նոբելյան մրցանակի արժանացնելով։ Այն հապճեպությունը, որով նա ձգտում է հանգուցալուծել հակամարտություններն ու հանգեցնել խաղաղության, հիմնականում պարարտ հող են նախապատրաստվում էլ ավելի խոշոր պատերազմի։

Տարիներ տևած հակամարտությունների արագ հանգուցալուծումներն իրականում ոչ թե կարգավորում են հակամարտող կողմերի հարաբերությունները, այլ ընդամենը սառեցնում առկա խնդիրներն ու հանգեցնում ժամանակավոր հրադադարի։ Սակայն չլուծված խնդիրները կամ կողմերից որևէ մեկի ստորացման արդյունքում ձեռք բերված պայմանագրերն անպայման վաղ թե ուշ տալու են իրենց պտուղները։ Սակայն դա այսօրվա իշխող վերնախավին չի հետաքրքրում, քանի որ նրանք արդեն ստացած կլինեն իրենց Նոբելյան մրցանակը, իսկ հաջորդ պատերազմի ժամանակ կամ մահացած կլինեն, կամ առնվազն պաշտոնաթող ղեկավավար, որը գտնվում է զառամյալ տարիքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր Առաջին համաշխարհային պատերազմի սառեցված խնդիրների։ Առաջին համաշխարհային պատերազմում չլուծվեցին առկա տարաձայնությունները, սակայն կողմերը եկան ժամանակավոր լուծման ու ստեղծեցին խաղաղության պատրանք, ինչը հանգեցրեց էլ ավելի արյունալի պատերազմի։

Նույնը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Վաշինգտոնում տեղի ունեցավ մեծ շոու (պակասում էր միայն հրավառությունը), թեպետ խաղաղությանը միտված որևէ շոշափելի փաստաթուղթ չստորագրվեց, բայց կողմերին ժամանակավոր «երջանկություն» բերեց։ Թրամփը ստացավ իր անունով միջանցք, Նիկոլ Փաշինյանը ստացավ խաղաղության պատրանքը շահարկելու հնարավորություն, Ալիևը նախաստորագրեց իր բոլորը պահանջները՝ չզիջելով ոչ մի քայլ։

Եթե նախաստորագրված հոդվածներով կնքվի «խաղաղության համաձայնագիրը», ապա դա չի վերացնելու հայ-ադրբեջանական ներազգային թշնամանքը, չի լուծելու որևէ տարածայնություն, Ադրբեջանին չի ստիպելու հրաժարվել իր հետագա վայրագություններից ու պահանջատիրական նկրտումներից, այլ ընդամենը կրկին դրդելու է Նիկոլ Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիոն հերթական ակտը, այսինքն՝ կստեղծվի ճիշտ այնպիսի իրավիճակ, ինչպիսին Եվրոպայում էր, երբ տարածաշրջանի երկրները միաձայն համաձայնեցին Գերմանիայի տևական ստորացմանը, որը հանգեցրեց պատերազմի։

Հիմա, երբ բոլորը կոնսոլիդացվում են Հայաստանի ստորացման շուրջ՝ նպատակ ունենալով ստեղծել խաղաղության պատրանք ու ականջը շոյելու համար ասում բառեր, որոնք հեռու են իրականությունից, ապա մի օր, լինի հիմա, թե տարիներ անց, անպայման տեղի է ունենալու պայթյուն, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի իր ազգային նպատակներից հրաժարվելուն միտված հոդվածների ու երբեք չի համակերվի ստորացված կարգավիճակի հետ։

Եթե շատերին թվում է, որ կարող են կոտրել հայ ժողովրդի ողնաշարը, ապա չարաչար սխալվում են։ Որպես ապացույց, որ նույնիսկ պետականության կորստի ժամանակ հայերին մշտապես հաջողվել է պահել ազգային ինքնությունը, երբեք չեն անհետացել պատմության թատերաբեմից ու կրկին կարողացել են վերականգնել շատերի համար վերջնականապես կորսված թվացող պետությունը։ Որպես օրինակ նաև 1988 թվականի Արցախյան շարժումը, ճակատամարտերում կերտած հաղթանակները, Արցախի ազատագրումն ու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը։

Թյուր ըմբռնում է այն մոտեցումը, որ դա ժամանակի հրամայական էր ու պատմության բնականոն ընթացք։ Երբեք ժամանակի հրամայականներ ու պատմության ընթացք չեն լինում մարդու կամքից դուրս։ Մարդիկ են կերտում պատմությունը, որոշում դրա ընթացքն ու հանգուցալուծում իրավիճակները։

Եթե այդ տարիներին այն ժամանակվա քաղաքական ղեկավարության ու առաջնորդների փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ խմբակով, այսօր արդեն թե’ Արցախը, թե’ Հայաստանը վաղուց թուրքացված կլինեին ու նետված աղբանոց։

Կարեն Կարապետյան

Send