Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։
Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, Գերտ Վիլդերսի գլխավորած հոլանդական աջակողմյան պոպուլիստական «Ազատության կուսակցությունը» (PVV) հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Սա նշանավորել էր կառավարության փլուզումն ու վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտությունը։
«PVV-ի հեռանալով Ներկայացուցիչների պալատում այս կաբինետի համար բավարար աջակցություն չկա», - ասել է Դիկ Շոֆը։
PVV-ի հիմնադիր և առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել էր X-ում կուսակցության կոալիցիայից դուրս գալու մասին։ Բացի այդ, կառավարությունը լքել են նրա կուսակցության անդամներ՝ հինգ նախարար և չորս պետքարտուղար։
Պատճառը կոալիցիոն դաշնակիցների կողմից ներգաղթի օրենքները խստացնելու ծրագրերին աջակցելուց հրաժարվելն էր եղել։ Դրանք ներառել էին սահմանների փակումը ապաստան հայցողների համար, ընտանիքների վերամիավորման ժամանակավոր դադարեցումը և Նիդեռլանդներում ապաստան փնտրած անձանց՝ Սիրիա վերադարձը։