Երեկ Սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 21։10-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերը ապա առաջ ընթանալով՝ հայտնվել կանաչ գազոնում և մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Սեմյոն Ա․-ն, 24-ամյա Վալերի Ա․-ն և 19-ամյա Արսեն Ա․-ն։
Կայքի տեղեկություններով վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը և նրա 2 որդիները, իսկ ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառներից մեկը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել և այդ ուղղությամբ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում աշխատանքներ են իրականացվում։