Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանն ի՞նչ ակամայից մատնեց իր վերջին ճեպազրույցում

Blog Image

Դեռևս ոչ վաղ անցյալում բազմիցս է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին պետք է «խաղաղության» վերաբերյալ ընդամենը մի թուղթ, որով նա հնարավորություն կստանա վերարտադրվելու, այսինքն՝ «խաղաղության» գործընթացն առաջին հերթին նրա համար ոչ թե պետական հստակ սահմանված քաղաքականություն է, այլ ընտրություններին «հաղթելու» գրավական։ Եթե Փաշինյանը վստահ լինի, որ ընտրություններում իր հաղթանակը կապահովի պատերազմը, ապա նա կգնա այդ ուղղությամբ՝ անկախ այդ պատերազմի հնարավոր մարդկային ու տարածքային կորուստների ծավալներից, անկախ դրա արդյունքներից։

Ընդ որում սա ոչ թե ենթադրություն է, այլ այդ մասին անուղղակի խոստովանում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ 2021 թվականին իրենց նախընտրական քարոզարշավը սկսել էին Հայաստանի Երրորդ Հանրապետությանը բնորոշ ռազմահայրենասիրական ծրագրով, սակայն ժողովրդի հետ հանդիպումների ընթացքում իրենց մոտեցումները փոխվեցին, քանի որ հասկացան, որ մարդիկ ցանկանում են սկսել խաղաղության դարաշրջան։ Մի կողմ թողնենք այն պարզունակ մանիպուլյացիան, որով Փաշինյանը փորձում է իրեն պարտադրված թուրք-ադրբեջանական պահանջների կատարման պատասխանատու դարձնել հասարակությանը, այլ ելակետն ընդունենք հենց իր հայտարարությունները։

Եթե մոտենանք այն կանխավարկածից, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ նա իրոք «ցանկանում» էր 2021 թվականին հետ բերել Արցախը, հետ բերել կորցրած տարածքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանը, սակայն հանդիպումների ժամանակ ժողովուրդը նրանից «պահանջեց» խաղաղություն, ապա ստացվում է, որ նա որպես վարչապետ չունի պատկերացումներ երկրի ապագայի վերաբերյալ, չունի սահմանված արտաքին քաղաքականություն, չունի գաղափարներ ու սկզբունքներ։ Ըստ իր մեկնաբանման՝ ինքը մի սովորական պատեհապաշտ է, որի առաջնային նպատակը ոչ թե իր ծրագրերի ու մոտեցումների կյանքի կոչումն է, այլ ընդամենը իշխանության պահպանումը։

Հետևելով Փաշինյանի տրամաբանությանը՝ ստացվում է, որ եթե 2021 թվականի քարոզարշավի ընթացքում ժողովուրդն իր առջև ոչ մի «պահանջ» չդներ կամ հավանության արժանացներ մատուցված խոստումները ու արդյունքում իր իսկ ձևակերպմամբ իրենց «ռազմահայրենասիրական» ծրագիրը չփոխվեր, ապա նա գնալու էր Ադրբեջանի հետ առճակատման, գնալու էր պատերազմի, այնուհետև ակնկալեր հանրության քվեն, քանի որ ստացվելու էր, որ ժողովուրդը պատերազմ էր ուզում, ինչն էլ ինքն ապահովեց։

Իհարկե, 2021 թվականին ժողովուրդը Փաշինյանի առջև ոչ մի պահանջ չի դրել, ավելին՝ քվեարկել է հենց այն ծրագրի համար, որով նա հանդես է եկել, հավանություն է տվել այն խոստումներին, որը Փաշինյանը մատուցել է, սակայն խճճված լինելով սեփական կեղծիքների մեջ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ առանց հասկանալու խոստովանում է, որ Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» իր համար ընդամենը նախընտրական բուկլետ է։

Ու ամենևին պատահական չէ, որ այսօր նա տեղի-անտեղի դեռևս չստորագրված «խաղաղության պայմանագիրը» ներկայացնում է որպես խաղաղության հաստատված փաստ։ Սա իրականում ոչ թե արտաքին քաղաքական կուրսի որևէ հանգրվանին հասնելու փաստի արձանագրում է, այլ նախընտրական քարոզարշավ։

Այդ նույն ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը նույնպես քննարկվել է ՔՊ-ում, սակայն այդ օրակարգը մերժվել է։ Իրականում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՔՊՆ-ն՝ որպես քաղաքական միավոր կամ կուսակցություն, գոյություն չունի։ Կան ընդամենը Նիկոլ Փաշինյան ու նրա կամքը կյանքի կոչելու մարդիկ, որոնք հավաքվել են մի անվան տակ, հետևաբար ՔՊ-ն չի կարող մերժել կամ հաստատել ցանկացած օրակարգ առանց Փաշինյանի հրահանգավորման։ Ներկայումս Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը բերել այնպիսի էյֆորիկ վիճակի, որ մարդկանց թվա, իբր իրենք Ադրբեջանի հետ երբեք չեն էլ պատերազմել, դա տեղի է ունեցել Հայաստանի Երրորդ Հանրապետության ժամանակներում, որն իրենց հետ կապ չունի։ Սակայն հենց նա զգա, որ այդ էյֆորիկ վիճակը նվազում է կամ «խաղաղության պայմանագրի» վերջնական կնքումը հետաձգվում է այնքանով, որ կարող է վնասել իր վերարտադրությանը, նա անպայմանորեն կգնա արտահերթ ընտրությունների, ՔՊ-ն էլ «հավանության» կարժանացնի այդ օրակարգը։

Կարեն Կարապետյան

Send