Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Որքան Փաշինյանը «բարձրացնում է ՀՀ ինքնիշխանությունը», այնքան բացվում է Թուրքիայի ախորժակը

Blog Image

Խորհրդային ժամանակներում ընդունված էր մի տխմար արտահայտություն. «Փող չունեմ, բայց գլուխս հանգիստ դնում եմ բարձին, քնում եմ»։ Որպես կանոն այն տարիներին նման հիմարությունները խրախուսվում էին ԽՍՀՄ ղեկավարության կողմից, որովհետև այն ամբողջովին համապատասխանում էր հոտային տրամաբանությանը, սպանում էր մարդկանց ձգտումները, ենթագիտակցորեն ատելություն էր առաջացնում հաջողակ մարդկանց նկատմամբ ու հանդիսանում էր աղքատի մխիթարանք, որոշ դեպքերում էլ՝ «ազնիվ մարդու» ցուցիչ։ Արդյունքում խորհրդային քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ապրում էր հավասար. հավասար ու վատ, բայց ոչ ոք առանձնապես չէր նեղվում, քանի որ ունենում էին «հանգիստ գիշերներ»։

Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, մնացել է խորհրդային այդ տխմարաբանությունների տակ, սակայն փոխել է միայն բառերը։ «Մենք կորցրինք Արցախը, բայց ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետությունը», «Մենք պարտվեցինք պատերազմում, բայց ունեցանք հաղթանակ», «Մենք հանձնեցինք Տավուշի տարածքները, բայց նվազեցրինք ռիսկերը»…

Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցող հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հանդես եկավ նոր բառախաղով. «Մենք կնիքի վրայից հանեցինք Արարատ լեռը, բայց բարձրացրինք ինքնիշխանությունը»։ Մի միամիտ մարդ էլ կմտածի՝ «Ա’յ մարդ, դե ի՞նչ վատ բան ա արել, ինքնիշխանությունն ա բարձրացրել»։ Ու հենց այդտեղ Նիկոլ Փաշինյանը կտոնի իր հաղթանակը, որովհետև նրա ողջ մանիպուլյացիաների թիրախը հենց միամիտ մարդկանց մոլորեցնելն է։

Որքան էլ նա փորձի հերքել, ինչպես արեց ճեպազրույցի ժամանակ, իբր Արարատ սարի պատկերը կնիքի վրայից հանելը թուրքական պարտադրանք չէ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ դա տեղի ունեցավ անմիջապես Թուրքիայի ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի Հայաստան այցելելու գրեթե հաջորդ օրը։ Մինչ այս չկար այդ մասին ո՛չ խոսակցություն, ո՛չ քննարկում, ո՛չ էլ նույնիսկ ակնարկ, որ «Արարատ լեռը խոչընդոտ է մեր ինքնիշխանության բարձրացմանը»։ Կարծես վաշինգտոնյան հանդիպումից հետո այն բարձրանում էր առանց որևէ «հավելյալ խթանիչների»։

Այսօր ՔՊ-ականները որպես արդարացում բերում են փաստարկներ, թե՝ «բա որ Թուրքիան էլ իր կնիքի վրա պատկերի Արագած սարը», «բա որ Թուրքիան որպես խորհրդանիշ օգտագործի Խուստուփ լեռը», «բա որ անցակետը կոչի Թալեաթի անունով», «բա որ Թուրքիայի դուրը չգա…»։ 

Սակայն Թուրքիան միշտ էլ Հայաստանից առավել հզոր է եղել թե’ տնտեսական ու ռազմական ներուժով, թե’ միջազգային հարաբերություններում իր քաղաքական կշռով, բայց այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ «թույլ ինքնիշխանություն», երբևէ չի օգտագործել ո’չ Արագած, ո’չ էլ Խուստուփ լեռան պատկերը։ Չի օգտագործել, որովհետև Հայաստանը որոշակի գործոն էր, ուներ հակազդելու կարող իշխանություններ, ուներ կամք ու վճռականություն, սեփական ազգային արժեքներին տեր կանգնելու պատրաստակամություն։ Իսկ այսօր ստացվում է՝ «որքան բարձրանում է Հայաստանի ինքնիշխանությունը, այնքան մեծանում է Թուրքիայի ախորժակը ու ավելանում պահանջները»։ Արդյունքում ընկնում ենք շրջապտույտի մեջ, տալիս ենք ու բարձրացնում, տալիս ենք ու բարձրացնում։

Բա որ վաղն էլ Հաքան Ֆիդանի դուրը չգա, որ ինքը հանդիպում է մի մարդու հետ, ում անունն Արարատ է։ Այդ դեպքում ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանին փոխարինելու է Արագած Ախոյանո՞վ, սակայն այդ դեպքում էլ Ախոյան ազգանունը գուցե թուրքերի աչքին ռևանշիստական կթվա։

Կարեն Կարապետյան

Send