Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV Վերլուծական

Մեր ռազմավարական նոր գործընկերը՝ Թրամփը, չի հիշում Հայաստանի, թե՞ Ալբանիայի անվտանգությունը պետք է երաշխավորեր

Blog Image

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական քարոզչամեքենան հայ-ամերիկյան ներկայիս հարաբերություններին տալիս է գրեթե ռազմավարական-ռազմական դաշնակցային նշանակություն, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում։

Միջազգային հարաբերություններում երբեք հենց այնպես խոսքի սայթաքումներ չեն լինում։ Մեծամասամբ դրանք ունենում են երկու բնույթ։ Կամ այդ «սխալը» կատարվում է դիտավորյալ, որպես ուղերձ, կամ ցույց է տալիս որևէ երևույթի կամ որևէ անձի իրական նշանակությունն ու կարևորությունը «սայթաքողի» համար։

Թրամփի՝ Հայաստանն Ալբանիա անվանելը պատկանում է հենց երկրորդ խմբին։ Իրականում Թրամփը Հայաստանը դիտավորյալ չի անվանել Ալբանիա, դրա անհրաժեշտությունն ու իմաստը պարզապես չկար։

Սակայն իրադարձությունը, որն ըստ Նիկոլ Փաշինյանի աշխարհացունց է, աննախադեպ, ճակատագրական, պատմական, ինչ ձևակերպում ուզում եք կարող ենք տալ՝ իրականում ԱՄՆ-ի համար չունի այդ նշանակությունը։ Հակառակ դեպքում չի կարող նման «մասշտաբային գործընթացի» մասնակիցներից մեկը, շփոթի մյուսի անունը, «ռազմավարական» մի գործընկերը մոռանա, թե ում հետ էր այդ հարաբերությունները հաստատել, հատկապես, որ մասնակիցներն ընդամենը երեքն էին ու մանավանդ, որ Թրամփը չի կարողացել ճիշտ արտասանել նաև Ադրբեջանի անվանումը։

Սակայն եթե Ադրբեջանի անվանման աղավաղումը կարելի է բացատրել լեզվական բարդություններով, ապա Ալբանիան միանգամայն այլ պետություն է, իսկ Հայաստանը անգլերեն շատ հեշտ է արտասանվում։

Օրինակ՝ նույն Թրամփը Մակրոնի հետ հանդիպումից հետո երբեք Ֆրանսիայի փոխարեն չի ասի Իսպանիա, կամ երբեք որևէ հարց չի քննարկի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, բայց նշի, որ հանդիպել է Իտալիայի ղեկավարին։

Այլ խոսքով, Վաշինգտոնում եղած շոուն Թրամփի համար նշանակություն ուներ ոչ թե իր մասնակիցներով, այլ բովանդակությամբ։

Հիմա Թրամփը գիտի, որ Հարավային Կովկասում, ինչ-որ մի տեղ իր անունով երթուղի կա ու նաև հարթակ, որը կարող է օգտագործել Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Սակայն ովքե՞ր են ապրում այդ հատվածում, ինչ խնդիրներ ունեն կամ կարող են ունենալ, ո՞րն է նրանց շահը, կենսական ինչ կարիքներ կան, քանի հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեն, այդ ամենը Թրամփի համար միևնույնն է։

Եկեք չմոռանանք, որ իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները վերջնական կարգավորելու համար Թրամփն առաջարկում է ընդհանրապես լուծարել Պաղեստինը ու դարերով իրենց հողում ապրող մարդկանց բաժանել հարևան պետությունների մեջ։ Այսինքն, նրա համար գոյություն չունի Պաղեստին ու պաղեստինցիներ, նրա համար կա հակամարտություն, որը նա ցանկանում է լուծված տեսնել ԱՄՆ քաղաքական շահերի համատեքստում։ Իսկ եթե դրա համար անհրաժեշտ է պաղեստինցիներին տարհանել այլ պետություններ, հոգ չէ։
Իսկ կա՞ երաշխիք, որ վաղը Թրամփը չի առաջարկի հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջնական լուծելու համար հայերին բաժանել օրինակ՝ Վրաստանի, Իրանի, Իրաքի ու Ռուսաստանի մեջ։ Ո’չ, որևէ երաշխիք չկա։ Կասեք, որ ի տարբերություն Պաղեստինի՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է, ՄԱԿ լիիրավ անդամ և այլն։

Բայց Կանադան նույնպես միջազգայնորեն ճանաչված պետություն է ու ոչ միայն ՄԱԿ լիիրավ, այլ Մեծ յոթնյակի (G7) անդամ ու Հայաստանից բազմապատիկ հզոր թե’ ռազմական առումով, թե’ տնտեսապես, թե’ աշխարհաքաղաքական նշանակությամբ։ Սակայն դա չի խանգարում Թրամփին առաջարկել, որպեսզի Կանադան հրաժարվի իր ինքնիշխանությունից ու դառնա ԱՄՆ նահանգներից մեկը։

Գուցե նորմալ է, որ ԱՄՆ-ի նման գերտերության համար միևնույնն է հայերի ու Հայաստանի ճակատագիրը ու կարևորը իր շահերն են, վերջապես աշխարհն առաջնորդվում է ոչ թե «սիրային կապերով» այլ հստակ շահերով, ոչ թե «դարավոր բարեկամությամբ», այլ ներկայի ու ապագայի ծրագրերով ու փոքր պետության խնդիրը պետք է լինի գերտերությունների հետ շահերի այնպիսի համադրությունն ու նշանակության ձեռքբերումը, որ երբեք չդառնա մանրադրամ։

Իսկ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը վերածել է մանրադրամի։ ԱՄՆ նախկին նախագահներից և ոչ ոք երբեք չի շփոթել Հայաստանի Հանրապետության անվանումը, այն պարզ պատճառով, որ այն ժամանակ իրոք կար պետություն տարածաշրջանային իր որոշակի նշանակությամբ, իսկ այսօր կա ընդամենը մի տարածք, որում բոլորը փորձում են ամրապնդել միմյանց ներկայությունը՝ թե’ հանուն իրենց շահերի, թե’ ընդդեմ այլոց, իսկ թե այդ տարածքն ինչպես է կոչվում, նրանց համար դարձել է երկրորդական։

Հետևաբար անվտանգության լուրջ երաշխիքներ սպասել Թրամփից, որի համար միևնույնն է, թե ընդամենը մեկ շաբաթ առաջ ում էր ընդունել՝ Ալբանիայի, թե՞ Հայաստանի ղեկավարին, այ դա արդեն լուրջ չէ։

Կարեն Կարապետյան

Send