Փաշինյանական իշխանությունը, ամենայն հավանականությամբ, խնդիրներ ունի նաև տարրական տրամաբանության հետ ու իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին հակադարձում է հոկտեմբերի 27-ով ու մարտի 1-ով, հավասարակշռությունը կորցրած՝ լրագրողներին հորդորում Նիկոլ Փաշինյանի անունը չտալ և այլն։ Այնինչ ոչ ոք չի ասում, թե Նիկոլ Փաշինյանն է անձամբ սպանել
Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին կամ անձամբ կարգադրել սպանել վերջինիս։
Ավելին՝ ոչ մի ողջամիտ մարդ չի մեղադրում իշխանություններին սպանություն պատվիրելու մեջ։ Բայց դա չի ազատում իշխանություններին ուղիղ պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար, քանի որ հենց իրենք են պատասխանատու երկրում տիրող թե’ բարոյահոգեբանական մթնոլորտի, թե’ հանցագործությունների աճի համար, ինչի մասին, ի դեպ, անցյալ տարի Ազգային ժողովում զեկուցեց նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Փարաքարում տեղի ունեցած սպանությունը հանրային մեծ հնչեղություն ստացավ այն պատճառով, որ սպանվողը համայնքի ղեկավար էր, սակայն հետևելով հաղորդագրություններին ակնհայտ է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով հանրապետության տարածքում հնչում են կրակոցներ, սպանվում ու վիրավորվում են քաղաքացիներ, շեշտակի աճել են թմրամոլության ու թմրաշրջանառության դեպքերը, որոնք արդեն սկսել են թափանցել դպրոցներ։ Հետևաբար ո՞ւմ մեղադրեն մարդիկ, ասեն՝ լավ, քանի որ ժամանակին տեղի է ունեցել հոկտեմբերի 27 ու մարտի 1, ապա թող սպանությունները շարունակվե՞ն։ Ովքե՞ր են մեղավոր այսօրվա իրավիճակի համար, նախկիննե՞րը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Փարաքարի դեպքին, ապա այդ մասին մարդիկ ահազանգում էին դեռևս ամիսներ առաջ, կային համայնքի ղեկավարի այլ թեկնածուներ, որոնք շեշտում էին, որ սպանությունները Փարաքարում կանգ չեն առնելու, ունենալու են շարունակական բնույթ։ Սակայն իրավապահ համակարգը չկանխեց հերթական սպանությունը, որի մասին տրվել էր ուղիղ ցուցմունք այլոց կողմից, չիրականացվեցին համալիր ու կանխարգելիչ աշխատանքներ, հսկողության տակ չվերցվեց իրավիճակը, ինչն էլ հանգեցրեց հերթական սպանությանը։ Այսօր Փարաքարը ողողված է ոստիկաններով, իբր փորձում են կանխել հնարավոր վենդետան։ Բայց վենդետան պարտադիր չէ, որ իրականացվի նույն օրն ու նույն պահին։ Այն կարող է տեղի ունենալ ամիսներ անց, ինչպես առաջին սպանությունից ամիսներ անց տեղի ունեցավ երկրորդը։
Առավել քան վստահ եմ, որ մի քանի օրից, երբ աղմուկը հանդարտվի, ոստիկանությունը կրկին կանցնի իր ամենօրյա զբաղմունքին՝ այն է՝ Նիկոլ Փաշինյանի ու միայն Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը։
Սակայն սխալ է միայն իրավապահ համակարգին մեղադրելը, այն ընդհանուր օրգանիզմի մի մասնիկն է, ինչպես ասում են՝ «ձուկը գլխից է հոտում»։ Այսօր ամբողջ պետական համակարգը կառուցված է Նիկոլ Փաշինյանի առանցքի շուրջ, քանի որ «նա է կառավարությունը», իսկ այդ «կառավարությունն» օրն ի բուն զբաղված է ընդդիմադիրների նկատմամբ քրեական մեղադրանքներ հարուցելու հրահանգներով, նախկին նախագահներին վիրավորելով, քեռակնգան «դոմփողներ» ման գալով, իր անձը փառաբանելով, «իրական Հայաստանի» բարբաջով ու Էրդողանին և Ալիևին քծնելով։
Չի կարող իրավապահ համակարգն արդյունավետ գործել, երբ զրկված է նորմալ կառավարումից, երբ չունի ինքնուրույնություն, երբ յուրաքանչյուրի սրտում կա վախ, որ կզրկվեն աշխատանքից, եթե չկատարեն «կառավարության» հրահանգները, երբ շարքերը համարվում են ոչ թե պրոֆեսիոնալներով, այլ հայտարարությամբ եկած գործազուրկներով, վերջապես չի կարող ոստիկանությունն ապահովել հասարակության անվտանգությունը, երբ նրա թիրախում ոչ թե հանցագործներն են, այլ ընդդիմադիրները։
Կարեն Կարապետյան