Երբ 2018 թվականին վարչապետ դարձա, համանախագահներին ասեցի՝ ստեղ լիքը թղթեր կան, որ չեմ հասկանում, դրանց սեղմագիրը ո՞րն ա։ Այսօր Ազգային ժողովում նման անհեթեթ ու հակաքաղաքական հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի բանակցային գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։
Նման հայտարարությունը, կարծում եմ, հասարակության մոտ պետք է առաջացնի մի շարք հարցեր։ Բա ո՞ր չէիր հասկանալու, ինչո՞ւ էիր շտապում հայտնվել մի պաշտոնում, որին չես համապատասխանում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Հայաստանի ամենակարևորագույն հարցը Արցախն էր, մնացյալ բոլորը ածանցվում էին թիվ մեկ օրակարգից, հետևաբար մարդը, որը ձգտում է ղեկավարել Հայաստանը, պետք է ունենար քաղաքական այնպիսի գրագիտություն, որ ինքն իրեն ու իր ներկայացրած պետությունը նման ծիծաղելի վիճակի մեջ չդներ ու ցույց չտար իր ոչ կոմպետենտությունը երկրի ղեկավարի պաշտոնում։ Եթե դու ոչինչ չէիր հասկանալու երկրի ու ազգի համար ամենակարևորագույն խնդրից, ապա ի՞նչ տարբերություն, դու կլինեիր երկրի ղեկավարը, թե՞ ՔՊ-ականների հարևան Պողոսը։
Երկրորդ հարցը, որը հանրությունը կարող է տալ Նիկոլ Փաշինյանին, այն է, որ եթե արդեն դարձել ես վարչապետ ու այնուամենայնիվ չես հասկանում բանակցային գործընթացից, ապա հանրությանը սև ու սպիտակի բաժանելու, մարդկանց պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու, տների առջև դագաղներ դնելու ու սև ժապավեններ կապելու, բոլորին նախկինների ու ներկաների խմբավորելու, միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու փոխարեն կանչեիր մարդկանց, որոնք տեղյակ էին բանակցային գործընթացից ու թող քեզ բացատրեին, թե այդ թղթերից, քո ձևակերպմամբ, որը ինչ ա։
Հաջորդ հայտարարությունը, որն Ազգային ժողովում արեց Նիկոլ Փաշինյանն այն է, որ իբր ինքը համանախագահներին 2019 թվականի փաստաթղթի մասին հարցրել է, թե դրանով Արցախը (իր ձևակերպմամբ Ղարաբաղը) կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, իրեն էլ պատասխանել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայն լինի։
Ու ի՞նչ է դրանից հետևում, որ բանակցային գործընթացը միտված է եղել Արցախն Ադրբեջանի կազմում չլինելուն։ Բնականաբար Ադրբեջանը կարող էր համաձայն չլինել այդ մոտեցմանը, սակայն հենց բանակցությունները նրա համար են, որպեսզի հնարավոր լիներ հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանը։
Այս հայտարարության հետ կապված հասարակությունը նույնպես պետք է հարցեր ուղղի Նիկոլ Փաշինյանին։ Երբ Նիկոլ Փաշինյանը համանախագահներին հարցախեղդ էր անում, արդյո՞ք այդ նույն համանախագահները նրան խորհուրդ են տվել պայթեցնել բանակցային ողջ գործընթացը, հորդորե՞լ են հայտարարել, որ «ես բանակցությունները սկսում եմ զրոյական կետից», ասե՞լ են՝ «գնա Արցախ ու պնդի, որ Արցախն Հայաստան է ու վերջ»։
Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը չի հասկանում ոչ միայն թղթերից, այլ իրեն տրված պատասխաններից։ Երբ քեզ ասում են՝ «այո, եթե Ադրբեջանի համաձայն լինի», ապա դա չի նշանակում քո քայլերով ու հայտարարություններով հրահրես պատերազմ ու ստեղծես այնպիսի իրավիճակ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Ադրբեջանի առջև կանաչ լույս վառեն հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Նման պատասխանը ենթադրում է շարունակել բանակցությունները՝ ելակետում ունենալով այն, որ դու ունես միջազգային հանրության առնվազն համակրանքը։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է հայտարարի, որ պատերազմն ու Արցախի կորուստը տեղի է ունեցել իր քաղաքական անգրագիտության պատճառով, կա՛մ աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ իրեն հատուկ բերել են իշխանության՝ Արցախը հանձնելու համար։
Կարեն Կարապետյան
