Ադրբեջանցիները շարունակում են կրակել Սյունիքի ուղղությամբ, մինչ Փաշինյանը շարունակում է առաջ տանել հակաեկեղեցական արշավը՝ այդպիսով շեղելով ժողովրդին Սյունիքում ամենօրյա կրակոցներից: Նիկոլ Փաշինյանն ավելի հեռուն գնաց. այսօր նա ֆեյսբուքյան իր էջում «քաստինգ» է հայտարարել, որպեսզի ստեղծի Համակարգող խումբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Ամեն օր Փաշինյանը թիրախավորում է եկեղեցուն, կաթողիկոսին, սրբազաններին, ինչը հարց է ծնում՝ մի՞թե նա այսպիսով չի շեղում ժողովրդին։
Արդեն երկու ամսից ավելի Սյունիքի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիներն անդադար կրակ են բացում, մինչ երկրի ղեկավարը զբաղված է անհարիր բովանդակությամբ ստատուսներ գրելով:
«Ադրբեջանցիներն արդեն երկու ամսից ավելի՝ մարտից սկսած կրակում են ամեն օր, մեզ համար դա արդեն սովորական է դարձել։ Կապ չունի, որ իրենց մոտ տոն է, ուրախություն է, նրանք կրակում են, շարունակում են կրակել, և ոչինչ կամ ոչ մեկ իրենց չի արգելում դա անել, դադար չկա»,- MediaHub–ի հետ զրույցում ասաց խոզնավարցի տղամարդը։
Նրա խոսքով, հարևան գյուղերն էլ են անհանգիստ, բոլորը իրարից մոտ հեռավորության վրա են գտնվում, բնակիչներն էլ լսում են կրակոցները և անհանգիստ են։
«Չգիտենք՝ ի՞նչ կարող ենք անել. ոչ այն է թողնես գնաս գյուղից, ո՞ւր գնաս, մեր տունն էլ այստեղ է։ Նիկոլ Փաշինյանի ստատուսներն այստեղ էլ ենք տեսնում և կարդում, Փաշինյանը շեղում է ժողովրդին..., եթե այդքան ժամանակ ունի ստատուսներ գրելու և «քաստինգ» հայտարարելու, ժամանակ թող գտնի այցելի Խոզնավար, Խնածախ, մասնավորապես, գիշերով: Օրինակ՝ այս գիշեր 02:00-ից հետո են կրակել, այդ ժամանակ թող այցելի և տեսնի՝ ինչպե՞ս ենք մենք ապրում այս ամենօրյա կրակոցների ֆոնին»,– ասաց նա։
Հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տների գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, սակայն, փոխարենը ադրբեջանական կողմն ամեն օր կրակում է և անխնա տարածում Փաշինյանի խայտառակ գրառումները։
Մարիաննա Արամյան