Վերջին օրերին մամուլում լուրեր տարածվեցին, որ «ՀԱՎԱՆԱ» ռեստորանի սեփականատիրոջ կաշառքի գործով կալանավորվել է նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակում խուզարկել է նրա հետ փոխկապակված «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակը։
Ուշագրավ է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաբանների աշխատանքային համակարգիչները:
Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք փաստաբաններ են, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով փաստաբանների հայտարարությունները, շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխատասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել է փաստաթղթերին, առգրավել բոլոր չորս փաստաբանների համակարգիչները։
Թեև ՀԿԿ-ն հերքում է լուրերը, թե իրենք փաստաբաններին պատկանող իրեր են առգրավել, փաստաբանները հակառակն են պնդում։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոչընդոտվում է փաստաբանների աշխատանքը, 2023-ին էլ ծեծի էին ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող փաստաբանները։
«Բնականաբար սա չի կարող ընդունելի լինել: Նման դեպքերի շարունակականությունը վկայում է, որ փաստաբանի մասնագիտական գործունեության օրենսդրությամբ ամրագրված երաշխիքները գործնականում չեն հարգվում և պահպանվում: Սա առաջին հերթին փաստաբանի դերը արդարադատության համակարգում պատշաճ ընկալված չլինելու հետևանք է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ արտաքին միջամտություններից զերծ փաստաբանի մասնագիտական գործունեությունն ապահովելն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:
«Շահառուն բոլորս ենք: Բոլոր դերակատարները, հատկապես՝ պետական մարմինները, պետք է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերեն, որպեսզի չխաթարվի արդարադատության համակարգի հավասարակշռությունը: Վերջերս Եվրոպայի խորհրդի հովանու ներքո բազմաթիվ եվրոպական երկրների կողմից ստորագրվել է «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիան, որին, սակայն, ի հեճուկս մեր բազմաթիվ հորդորների՝ Հայաստանի կառավարությունը չի միացել: Կարծում ենք, որ կոնվենցիայի վավերացումը նոր խթան և նոր երաշխիքներ կբերի արդարադատության այս օղակի ամրապնդման և ոտնձգությունների կանխարգելման հարցում»,- ամփոփեց խոսքը Սիմոն Բաբայանը։
Նարե Գնունի