Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանն անուղղակի հաստատեց Բայրամովի հայտարարություններն իր մասին, բայց մի վերապահումով. նա այդ ժամանակ այլ պաշտոնի էր

Blog Image

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատեց Բայրամովի այն հայտարարությունը, ըստ որի, նա Ալիևին ասել է, որ «եթե տարածքները հանձնի, Հայաստանում իրեն կսպանեն»։ Եթե նման խոսակցություն տեղի ունեցած չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կտրուկ հանդես կգար հերքմամբ, այլ նույնիսկ իր բնավորության համաձայն կոգևորվեր ու մասամբ էլ կկորցնել ադեկվատությունը։ Սակայն իր պատասխանում նա հանդես եկավ ժանրային մասնագետի ու Բայրամովի կենսագրի դերում։ Նախ շեշտեց, որ բանավոր ժանրը վտանգավոր է, նույնիսկ վստահելի չէ այն ժանրը, որը ենթադրում է հարցազրույց կամ ճեպազրույց, այնուհետև հիշեց, որ Բայրամովն այդ ժամանակ այլ պաշտոն է զբաղեցնում ու Ալիև-Փաշինյան հանդիպմանը ներկա չի եղել ու հավանաբար այդ մասին լսել է ուրիշից, այդ ուրիշն էլ մի ուրիշից։

Այլ խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ եթե նույնիսկ Բայրամովը Փաշինյանի արտահայտության մասին լսել է ուրիշից, այդ մի ուրիշն էլ մի ուրիշից, բայց այնուամենայնիվ վերջնարդյունքում կա մեկը, որը ներկա է եղել այդ խոսակցությանը։ Ու բնավ կարևոր չէ, տվյալ պարագայում Բայրամովը հանդիսանում է սկզբնաղբյուր, թե փոխանցում է ուրիշից լսածը։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատում է նման խոսակցության հնարավորության մասին։

Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք, որի մասին Նիկոլ Փաշինյանը չի ուզում հիշել, դա 44-օրյա պատերազմից հետո իր այն հայտարարությունն էր, որ «եթե ես հանձնեի տարածքները, ինձ կհամարեին դավաճան»։ Եթե համեմատության մեջ ենք դնում այս ու Բայրամովի մատնանշած հայտարարությունները, ապա երկրորդը առաջինի տրամաբանական շարունակությունն է, ու մեկը լրացնում է մյուսին, ինչպես մոզաիկայի տարբեր կտորները։

Կրկին այստեղ փոքր-ինչ տարօրինակ է ադրբեջանական կողմի պահվածքը։ Բայրամովը ըստ էության բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել տարածքներ հանձնելուն, սակայն որպեսզի իրեն «չսպանեն» կամ չհամարեն դավաճան, նրան անհրաժեշտ էր պատերազմ։ Այլ խոսքով՝ Բայրամովը Փաշինյանին մեղադրում է պայմանավորված պատերազմի մեջ, որը վերջինս չի հերքում։

Սա առաջին դեպքը չէ, որ Բաքուն Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագրից» հետո հարվածում է Նիկոլ Փաշինյանին, որը, թվում է,  չի բխում նաև իրենց շահերից, քանի որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելն առաջին հերթին անհրաժեշտ է հենց իրենց։

Հետևաբար միակ պատճառը կարող է լինել այն, որ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առաջադրում է հերթական պահանջները ու հասկացնում, որ նրա՝ խորհրդարականակ ընտրություններում հաղթելու միակ երաշխավորն Ալիևն է ու եթե Փաշինյանը հրաժարվի կամ ձգձգի դրանց կատարումը, ապա Ալիևը բացահայտումներով Հայաստանի ներքաղաքական կյանքը կպայթեցնի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պատրաստվում պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը՝ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի նախօրեին։

Կարեն Կարապետյան

Send