Ընդհանրապես լրագրության մեջ գոյություն ունի սոլիդարություն հասկացությունը, հատկապես երբ լրագրողներն ու լրատվամիջոցները գտնվում են ոչ միայն բարեկամական հարաբերություններում, այլ գործունեության գրեթե նույն տիրույթում։ Ու երբ այդ լրատվամիջոցներից մեկը իր որոշ գործընկերների կողմից հարված է ստանում թիկունքից, ապա դա առաջացնում է առնվազն տարակուսանք։
Mediahub-ը երբեք նման գործելաոճով չի առաջնորդվել իր մյուս գործընկերների հանդեպ։ Ոչ մի անձնական կապ կամ մեկ այլ ՄՈՏԻՎԱՑԻԱ ի զորու չի եղել խաթարել հարաբերությունները ու թեկուզ ակամա՝ վնաս հասցնել նրանց։ Mediahub-ը մշտապես գործել է ազնիվ ու նույնը ակնկալել մյուսներից։
Հորդորում ենք մեր գործընկերներին առաջացած բոլոր հարցերի ու խնդիրների դեպքում առաջին հերթին ապավինել հենց վերը նշված սկզբունքներին, պահպանել նույն ազնիվ հարաբերությունները, խորհրդակցել այնպես, ինչպես անում ենք միշտ, քննարկել, իրավիճակները փորձել հասկանալ օբյեկտիվորեն, այլ ոչ միանգամից տպագրել հոդվածներ, որոնք ունեն հստակ շահագրգիռ կողմ ու որը քանդում է գործընկերային հարաբերությունները։ Նման հոդվածները սովորաբար չեն ազատում հեղինակին ճշմարտության հետ առերեսվելուց, բայց վնասում են լրատվամիջոցներին ու վերջիններիս որդեգրած սկզբունքները։ Մեր խորին համոզմամբ, այդպես ճիշտ չէ, այդպես սխալ է։
Օրերս ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը բոցաշունչ ելույթ ունեցավ՝ իրավացիորեն նշելով Կարապետյանի կատարած հայրենանվեր գործերը, Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրվածությունն ու արված բարերարությունները։ Հավատում ենք, որ եպիսկոպոսն իրոք անկեղծ էր իր ելույթում ու մտահոգությունն իրոք Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվող անօրինականությունն էր, այլ ոչ հետագա բարերարությունից զրկվելու մտահոգությունը։
Սակայն առնվազն տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ Մասյացոտն թեմի առաջնորդը ոչ մի խոսքով չհիշեց նույն բախտին ու նույն հալածանքներին ենթարկվող իր հոգևոր եղբայրներին՝ Միքայել ու Բագրատ Սրբազաններին։ Ահա հենց այդ բացթողմանն էլ անդրադարձել էր Mediahub-ը, սակայն ոչ թե որպես մեղադրանք, այլ ավելի շուտ որպես մտահոգություն, որովհետև եթե անօրինականության դեմ պայքարում թեկուզ ակամա, բայց բանախոսը ցուցաբերում է խտրական վերաբերմունք, ապա այն առաջացնում է անարդարացիության գիտակցում ու հարված հասցնում պայքարի միասնականությանը։
Ի տարբերություն եպիսկոպոս Սարոյանի, նյութի հեղինակը մեջբերումներ չէր արել առաքյալներից ու այդպիսով իր խոսքը համարել ապացուցված, այլ նշել է զուտ փաստը, իսկ փաստն այն է, որ իր ելույթում Մասյացոտնի թեմի առաջնորդը ոչ մի բառով չհիշատակեց նույն պայքարի համար բանտում գտնվող իր հոգևոր եղբայրներին, որոնք իրենց պայքարը սկսել էին դեռ շատ ավելի վաղ։
Ըստ Mediahub-ի հավաստի տեղեկությունների, իր ելույթից հետո եպիսկոպոս Սարոյանին սաստել են նման բաց «սխալի» համար ու նա փորձել է հընթացս ճեպազրույց կազմակերպել, ցույց տալու համար իր հավատարմությունը թե՛ Միքայել ու Բագրատ Սրբազաններին, թե՛ պայքարի միասնականությանը։
Սակայն շատ ավելի լավ կլիներ, որ այդ ճեպազրույցը չլիներ, որովհետև երբ մարդն իր սխալը փորձում է շտկել աճապարանքով, ապա էլ ավելի է խորացնում այն։
Ըստ իր պաշտպանյալներից մեկի հոդվածի՝ «Լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Սրբազան Հայրն իր զորակցությունն է հայտնում Միքայել և Բագրատ Սրբազաններին՝ նշելով, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, մենք իրավունք ունենք առաջնորդվելու անձի անմեղության կանխավարկածով, և չենք հավատում, որ նրանք կարող էին այդպիսի հանցակազմ պարունակող գործողությունների մեջ ներգրավված լինել»։
Ինչ խոսք, փայլուն պաշտպանություն է, ճիշտ այդպես Միքայել ու Բագրատ Սրբազաններին, Սամվել Կարապետյանին ու ընդհանրապես բոլոր կալանավորվածներին «պաշտպանում է» թե՛ ՔԿ-ն, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը։ Անխտիր բոլոր հաղորդագրությունների վերջում պարտադիր նշվում է. «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Ըստ երևույթին, եպիսկոպոս Սարոյանը անբացատրելի հավատ ունի Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորվող այն նույն դատարանների վճիռների նկատմամբ, որոնց կալանքի որոշումները համարում է հակաօրինական։ Դե եթե ըստ հարգարժան եպիսկոպոսի՝ դատարանի վճռից հետո նա գուցե և հավատա առաջադրված մեղադրանքներին, ապա թող բարի լինի հավատալ նաև նախնական կայացրած որոշումներին։
Բայց մենք հակված ենք մտածել, որ նման խոսքերը եպիսկոպոս Սարոյանի կողմից ոչ թե դիտավորության, այլ այսպես ասած «քաղաքական անփորձության» արդյունք է, ուստի կցանկանայինք մի բարեկամական խորհուրդ տալ։ «Ինչ-ինչ» շահագրգռվածությունների կամ անձնական կապերի միջոցով ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցների միմյանց դեմ հանելու փորձեր կատարելու փոխարեն (հուսանք որոշ ԶԼՄ-ներ սա կհասկանան ու այսուհետ այլոց խաղերի մասնակից չեն դառնա), եսպիսկոպոս Սարոյանը լավ կլինի այսուհետ հիշի այս իշխանությունների կողմից բոլոր հալածանքի ենթարկվողներին։ Մենք բոլորս մի նավում ենք ու եթե իշխանության դեմ պայքարելու փոխարեն սկսենք միմյանց դեմ հոդվածներ գրել, դրանից միանշանակ կտուժենք բոլորս, եպիսկոպոսն էլ կզրկվի հանուն հոտի արվող բոլոր բարերարություններից, իսկ իշխանությունների գործելաոճի նման ընթացքը կհանգեցնի նրան, որ Նիկոլ Փաշինյանի դատարանը մի օր էլ կչոքի հենց նրա՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դռանը։
Նման դեպքում, Mediahub-ը, որպես լրատվամիջոց, բնականաբար, ի տարբերություն եպիսկոպոսի, առաջնահերությունը չի տա միայն Միքայել ու Բագրատ Սրբազաններին, ոչ էլ կառաջնորդվի «անմեղության կանխավարկածով», այլ իր աջակցությունը կցուցաբերի երեք Սրբազաններին էլ հավասարապես՝ արդարությանը հասնելու այս բարդ ճանապարհին, որից ոմանք կարծես շեղվում են։