Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հայտնել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ (տզերի միջոցով փոխանցվող բորելիոզ):
Նա նշել է, որ ցնցված է շրջագայության ընթացքում ստացած ախտորոշումից: Երգիչը բեմի վրա ելույթ ունենալիս իրեն շատ հյուծված է զգացել, բայց չնայած դրան, որոշել է շարունակել ելույթները:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին Թիմբերլեյքի՝ Ռումինիայում կայացած համերգի տեսանյութեր, որտեղ նա գրեթե չէր երգում իր ամենահայտնի երգերից մեկի կատարման ժամանակ: Հանդիսատեսը բողոքել էր, որ արտիստի ելույթը հիասթափեցրել է:
Լայմի հիվանդությունը (կամ Լայմի բորելիոզը) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Borrelia ցեղի մանրէներից, որոնք մարդկանց փոխանցվում են վարակված տզերի խայթոցների միջոցով:
Հիվանդության հիմնական ախտանիշները՝ ջերմություն, դող; գլխացավ, հոգնածություն; մկանների և հոդերի ցավ; մաշկի կարմրություն օղակի տեսքով (էրիթեմա), որը կարող է հայտնվել խայթոցի տեղում մի քանի օր անց: