Կառավարության այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվելու է նաև Արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որը վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող աջակցությանը։
Այսպես, ըստ նախագծի՝ անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, իսկ առկա իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվում նշյալ անձանց առնչվող իրավահարաբերություններին: Ինչն էլ, ըստ ներկայացված նախագծի՝ առաջացնում է որոշակի խնդիրներ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու ժամանակ։
«Ուստի հարկ է արձանագրել, որ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն, դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:
Հետևաբար, առկա է պետության կողմից առավել համապարփակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն:
Ոչ պակաս կարևոր է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ։
Ընդ որում, միասնական բազայի ստեղծումը և վարումն առաջին հերթին պետք է սկսել անհայտ կորած անձանց իրավական սահմանումից, այսինքն՝ նախ օրենսդրորեն սահմանել, թե ով պետք է համարվի անհայտ կորած ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում, որպեսզի հնարավոր լինի դասակարգել նման դեպքերը և վարել նման դեպքերի առանձին ընդհանուր ռեգիստր: Նշվածի նպատակն է ձևավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը պարունակում է տեղեկատվություն անհայտ կորածների մասին, ինչպես նաև անձանց անհայտ բացակայող կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության կամ բացակայության մասին։ Միասնական բազայի ստեղծումը կնպաստի քննարկվող անձանց վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ վիճակագրության վարմանը»,- նշված է օրենքի նախագծում։
Նարե Գնունի
