«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։
Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։
Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետեւանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր «Զարյա» տեսակի առնվազն 20 լուսաձայնային նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում եւ մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, սակայն մինչ օրս կիրառած որեւէ նռնակի համար մեղադրյալ չկա։
Հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այդ մասին հաղորդել էր Քննչական կոմիտեն, եւ գործը արդեն դատարանում է։
Իսկ ինչ է կատարվում ՀՀ քննչական կոմիտեում անջատված մասով. պարզվում է՝ մեկ տարի է քննությունը շարունակվում է, եւ մինչ օրս որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել, եւ դատարանի դռներ են ընկել միայն հայրենիքի փրկության համար Բաղրամյան պողոտայում ցույց իրականացնող հասարակ քաղաքացիները»։
«Հրապարակը» գրում է․
«Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։
Նրանցից մեկը մեր լրագրողին ասել է, որ սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։
«Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն մեզ ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առեւտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում Տերունական աղոթքը՝ Վեհափառի հետ:
Օդանավակայանի մոտ հավաքը, կարելի է ասել՝ ինքնաբուխ էր, չնայած տարբեր անհատների և ուժերի կողմից հնչած կոչերին: Սա այն դեպքն է, որ այդ կոչերն ավեի շուտ արտացոլեցին շատերի տրամադրությունները, ու նույնիսկ կարևոր չէ՝ ով առաջինը կոչ արեց, ով՝ երկրորդը, ով՝ երրորդը: Դա չափազանց երկրորդական այս պարագայում: Էականն այն է, որ հաշված ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին անմիջականորեն, իսկ տասնապատիկ ավելի շատ հայրենակիցներ, միանգամայն հասկանալի հանգամանքներից ելնելով (այլ քաղաքում, բնակավայրում, այլ երկրում գտնվելու կամ պարզապես փոխադրամիջոց չունենալու հանգամանքներով պայմանավորված), թեպետ ներկա չէին «Զվարթնոցում», բայց բուռն աջակցություն արտահայտեցին:
Հատկանշական է, որ փաշինյանական իշխանություններն ու հատկապես «Նիկոլից ավելի նիկոլ» սատելիտները փորձում էին հեգնել, թե «ընդամենը» մի 2 հազար մարդ էր արձագանքել... Իրականում, կարծում ենք, քպական իշխանավորներն ու նրանց ծառայողներն իրենք էլ շվարած են, թե ինչ կարգի աջակցություն է վայելում Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային և հոգևոր կառույց և արժեք: Եվ այն հիստերիան, որ իբր «սարկազմով» բարձրացրել էին նրանք, ցույց տվեց իրական անհանգստությունները, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասնել չի կարողանալու:
Իսկ հավաքն ինքնին որոշակի մեսիջներ էր պարունակում, ու ամենակարևորը սա է: Չէ, Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին ուղղված չէ, դա անիմաստ է, նրանք ո՛չ կարմիր գծեր ունեն, ո՛չ սրբություններ: Դե, բացի փողից ու իշխանությունից: Հիմնական մեսիջը, կարծում ենք, ուղղված էր բոլորին ու նաև աշխարհին, որ հայ ժողովուրդն իր արժեքներին տեր է, իր Եկեղեցու կողքին է...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս հունիսի 7-ին ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց «սրտի» քաղաքապետի թեկնածուին են գտել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց թեկնածուն պետք է լինի Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել: Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով՝ դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում:
Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել». այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:
Հավելենք, որ այսօր տեղի կունենա Էջմիածին համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին եւ, որպես համայնքի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածուին` Սեւակ Խաչատրյանին: Սակայն մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալելու նիստը»։