Որևէ անձի շուրջ հանրային կարծիքի ձևավորումը հաճախ կախված է լինում ոչ միայն տվյալ անձի գործունեությունից, այլև համեմատությունից այլոց հետ, այլ խոսքով, մեծ դեր են խաղում թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոնները։ Հաճախ սուբյեկտիվն այնքան զորեղ է լինում, որ այն հաղթահարելու համար գուցե մի ողջ կյանք չբավականացնի։
Այն, ինչ ցանկանում եմ ասել, վստահ եմ, որ միանշանակ չի ընդունվելու, շատերը քննադատելու են, շատերը քարկոծելու, բայց ինչպես կասեր ժամանակի փիլիսոփան. «Թեպետ ձեր կարծիքն ինձ դուր չի գալիս, բայց ես կյանքս կտայի, որպեսզի դուք այն կարողանաք ազատորեն արտահայտել»։
Գարեգին Բ-ն ի սկզբանե միանշանակ չընդունվեց հանրության կողմից նաև այն պատճառով, որ անմիջապես սկսեցին համեմատել Վազգեն Ա-ի հետ, ճիշտ այդ նույն պատճառով միանշանակ չընդունվեց նաև Գարեգին Ա-ն, նաև այդ պատճառով միանշանակ չի ընդունվելու և հաջորդ կաթողիկոսը (հանրության, քաղաքական դաշտի, Եկեղեցու նման պասիվ պահվածքի շարունակության պարագայում մենք շուտով կտեսնենք հաջորդին)։ Ընդհանրապես դեռևս շուրջ 50 տարի, քանի դեռ ապրում է վերջին մարդը, որը տեսել է Վազգեն Ա-ին, ոչ մի կաթողիկոսի գրեթե չի հաջողվելու ճեղքել համեմատության այդ սուբյեկտիվ պատնեշը։
Ցավալիորեն խիստ դժվար է լինելու բացատրել, որ նախ՝ համեմատություն չի կարելի անել ոչ մի պարագայում, քանի որ անկախ մարդկային որակներից, երբ երկու հոգու համեմատում են իրար, ու երբ առաջինը վայելում է անբեկանելի սրբացված սեր, ապա մշտապես երկրորդը պարտվելու է, ով էլ նա լինի։
Երկրորդը՝ հաշվի չի առնվում ժամանակի գործոնը։ Վազգեն Ա-ի գահակալության տարիների ճնշող մեծամասնությունը համընկավ խորհրդային տարիների հետ։ Բացի այն, որ պաշտոնապես ԽՍՀՄ-ը համարվում էր աթեիստական, ու սահմանափակված էին հոգևորականների գործունեության ու հանրության առջև երևալու ծավալները, նաև գոյություն չունեին հաղորդակցման այսօրվա հնարավորությունները։ Մենք յուրաքանչյուր անձի, այդ թվում հոգևորականների կյանքի, աշխատանքի, գործունեության մասին իմանում էինք այնքան, որքան նպատակահարմար էր համարում ԽՍՀՄ քարոզչությունը, իսկ այընտրանքային աղբյուրներ գրեթե չկային։
Իսկ երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, ու դեռևս ինֆորմացիայի միակ աղբյուրը շարունակում էր մնալ տպագիր մամուլը, այն էլ հատուկենտ, ցավոք, մենք հրաժեշտ տվեցինք Վեհափառ Վազգեն Ա-ին՝ այդպես էլ չհասցնելով արդեն լիովին գիտակցված վայելել նրա գահակալությունը, շատ ինֆորմացիա մեզ համար մնաց փակ, ու արդյունքում Վազգեն Ա-ն մեր հուշերում ամրագրվեց բյուրեղացած մաքրությամբ ու անարատ կաթողիկոս։ Գուցե այդպես էլ կա, ես ամենևին չեմ ցանկանում մազաչափ անգամ ստվերել նրա հիշատակը, ինքս խորին ակնածանք ունեմ Վազգեն Ա-ի հանդեպ, սակայն պետք է փաստենք, որ նրան հաջորդողներն արդեն սկսեցին չափվել համեմատության տեսանկյունից, հատկապես, որ արդեն սկսում էին զարգանալ մեդիա դաշտը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ու այլևս անկարող եղավ թաքցնել քիչ թե շատ նշանակալից իրադարձություն։
Հենց նաև դա էր պատճառը, որ Գարեգին Ա-ն, անմիջապես իր երդմնակալությունից հետո շատերի կողմից հռչակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի «պրոյեկտ», ճիշտ այնպես, ինչպես Գարեգին Բ-ին համարեցին Ռոբերտ Քոչարյանի «մարդ» ու ինչպես հաջորդին (եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը հաջողի) կհամարեն Նիկոլի «կաթողիկոս» (թեպետ այս պարագայում գուցե ճշմարտության մասնիկ լինի՝ հաշվի առնելով այսօրվա իշխանությունների գործելաոճը եկեղեցու հանդեպ)։
Այսինքն թե՛ Գարեգին Ա-ի, թե՛ Գարեգին Բ-ի պարագայում անմիջապես գործեց համեմատության սկզբունքը, ու շատերն իրենց քաղաքական հայացքներն օրվա իշխանությունների հետ կապված միանգամից պրոյեկտեցին նորընծա կաթողիկոսների վրա՝ միաժամանակ հայտարարելով, որ մենք միայն մի կաթողիկոս ենք ունեցել։
Էլի եմ ուզում շեշտել, որ ամենևին միտք չունեմ նսեմացնելու Վազգեն Ա-ի թե՛ հիշատակը, թե՛ ազգանվեր գործունեությունը, սակայն համեմատության այդ անհաղթահարելի մոլուցքը խանգարում է գործել հաջորդներին ու մշտապես գտնվում են ինչ-որ լածիրակներ, որոնք իրենց իրավունք են վերապահում վիրավորել կաթողիկոսներին, նրանց հասցեին օգտագործել անվայել բառեր, վարկաբեկել հոգևորականներին ու որպես արդարացում, վերջում հայտարարել, որ մենք միայն մի կաթողիկոս ենք ունեցել։ Գրեթե վստահ եմ, որ եթե այսօր ողջ լիներ ու գահակալեր Վազգեն Ա-ն, այդ նույն արժեհամակարգից զուրկ լածիրակներն իրենց գարշահոտ բերանը կբացեին նաև նրա հասցեին։
Ի հավելումն այս ամենի, Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ապականեց ինստիտուտների հանդեպ հարգանքի բացակայության սաղմերը։ Եթե նա հաջողի իր ագգադավ ծրագրում, ապա հաջորդ կաթողիկոսը, եթե նույնիսկ անկեղծորեն որոշի նվիրվել ազգին, միևնույնն է դեռևս մնալու է համեմատության «տակ», հավելյան արդեն Նիկոլ Փաշինյանը գործոնը։
Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ մեզ դեռևս շուրջ 50 տարի էլ չի հաջողվելու կաթողիկոս «ունենալ»։
Կարեն Կարապետյան