«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Ֆազ» մականվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Արմեն Ղազարյանի մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր՝ արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում. «Անուններ կտամ, ում եք մաքրում։ …. Մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ», – «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակում հայտարարել էր Ռուզաննա Ղազարյանը:
Սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։
Փոխարենը ձերբակալվեցին Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցները: Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ եւ պայքարոմ էր գործող իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուի դեմ: Այս զարգացումները, ըստ տեղի բնակիչների, ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլեւ նոր բռնկումներ հրահրեցին։
Արդյունքում, Մերձավանում կրկին կրակոցներ հնչեցին։ Այս անգամ եղավ երկու զոհ եւ մեկ վիրավոր։
Այս իրադարձությունները կարմիր գծով մատնանշում են պետության հիմնական խնդիրը՝ իշխանության պատասխանատվությունը։ Եթե իրավապահ համակարգը ժամանակին ամբողջությամբ բացահայտեր եւ կանխարգելեր սպանությունը, ապա նոր արյուն չէր թափվի։
Այսօր Մերձավանի ողբերգությունները ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական հարց են։ Մարդիկ պարզ ասում են՝ սպանությունների եւ անպատժելիության այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Քանի դեռ իշխանությունն իր պատասխանատվությունը չի գիտակցում եւ չի ապահովում արդար դատաքննություն, հասարակությունը կմնա անվստահ եւ վտանգի առաջ։
Մերձավանի պատմությունը պետք է դառնա դաս. ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելու, այլ ճշմարտություն բացահայտելու ճանապարհ»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց՝ լուսաբացին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել», սակայն երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել:
Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը, եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին, եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։
Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը: Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է։
Ոմանք ավելի հեռուն գնալով կարծում են, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը` վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ, եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին «քիլլեր» է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք։ Իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Զուգահեռ նա ասում էր, որ «եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»:
Տարբեր մասնագետներ ոչ մեկ անգամ փաստերով ապացուցել են, որ այս բոլոր պնդումները, մեղմ ասած, մանիպուլ յացիաներ են: Օրերս այդ մասին հայտարարեց նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ նշելով, որ Հայաստանում հնարավոր է նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 54 հազար դրամ, այսինքն՝ բարձրացնել 50 տոկոսով: Ըստ «ՀայաՔվեի» ներկայացուցիչների, դա հնարավոր է անել պետական կառույցներին պետբյուջեից հատկացվող գումարների, ինչպես և վարչապետի պահուստային ֆոնդի կրճատումների հաշվին:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ անցած 7 տարում կենսաթոշակների աճը կազմել է 22 տոկոս, այնինչ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը եղել է 26 տոկոս: Ընդ որում, խոսքը սպառողական գնաճի մասին է, որի մեջ ներառված չեն օրեցօր բարձրացող տարբեր հարկերն ու տուրքերը (օրինակ՝ գույքահարկը), որոնց հետևանքները հատկապես սուր են զգում կենսաթոշակառուները:
Ի դեպ, նշվում է, որ տարածաշրջանի երկրներից ամենացածր կենսաթոշակը Հայաստանում է՝ մոտ 93 դոլար, այնինչ Վրաստանում 148 դոլար է, Ադրբեջանում՝ 188 դոլար, իսկ Թուրքիայում՝ 505 դոլար:
«ՀայաՔվեն» սկսելու է ստորագրահավաք և հանրագրով դիմելու է իշխանություններին՝ կենսաթոշակը բարձրացնել 50 տոկոսով: Ի դեպ, ուշագրավ է, որ «ՀայաՔվեի» այս հայտարարությունից հետո իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձել, չեն փորձել հերքել, որ հնարավոր է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել: Ամենայն հավանականությամբ, փաստերը չափազանց ծանրակշիռ են՝ հակառակը պնդելու համար:
