Հայ–ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին տուրբուլենտ վիճակում, բազմաթիվ հարցեր շարունակում են օդում կախված մնալ։
Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով առաջնորդները ստորագրեցին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության «Թրամփի ուղի» ստեղծելուն։ Այսինքն, Հայաստանը հրաժարվեց ՌԴ միջնորդությունից ու ընդունեց ԱՄՆ միջնորդական ջանքերը...
Ի՞նչ կարծիք ունեն Ռուսաստանում հռչակագրի մասին, արդյո՞ք ՌԴ–ն իսկապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:
Վերջինս նշեց, որ խաղաղությանը միտված նախաձեռնությունները միշտ ողջունվում են ՌԴ-ի կողմից:
«Դուք գիտեք, որ երկար ժամանակ հենց Ռուսաստանն էր ապահովում անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Նույնիսկ հիմա էլ, եթե նայենք վերջին հարցումները, հայերի մեծամասնությունը կարծում է, որ հենց Ռուսաստանն է դեռևս ապահովում անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում, ավելի քան 40%-ը դա է ասում: Անշուշտ, ԱՄՆ նախաձեռնությունները, մի կողմից, կարճաժամկետ հեռանկար ունեն: Եվ, իհարկե, ԱՄՆ-ն շահեր ունի այստեղ, բայց արդյո՞ք նրանք կկարողանան ապահովել կայունությունը և Կովկասի ժողովուրդների շահերը՝ շատ մեծ հարց է»,- ասաց Սապրիկան:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ Թրամփի խնդիրն այժմ խաղաղարարի իր կերպարը մեծացնելն է և խաղաղության բանակցություններ սկսելը աշխարհի ցանկացած մասում: Մյուս կողմից, իրենք լավ հասկանում են, որ Թրամփը վճռականորեն պաշտպանում է Միացյալ Նահանգների շահերը: Եվ այս խաղաղության նախաձեռնությունները, որոնք ստորագրվել են Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, իհարկե, արտացոլում են նաև Միացյալ Նահանգների տնտեսական շահերը:
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչ նախագծեր են իրականացվում Հայաստանի տարածքում, և մենք հասկանում ենք, որ դրանք հենց Կովկասում ստեղծված իրավիճակից եկամուտ ստանալու բնույթ ունեն: Այսպիսով, հայ ժողովուրդը նույնպես պետք է հասկանա, որ Միացյալ Նահանգները կարող է պարզապես օգտագործել դրանք շահույթ ստանալու և նման խաղաղարարի կերպար ստեղծելու համար: Մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, մեր դաշնակցային հարաբերությունները տասնամյակների, դարերի պատմություն ունեն, և մենք պետք է շարունակենք աշխատել մեր քաղաքակրթական հարաբերությունների շրջանակներում»,- ասաց Սապրիկան։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե սրան հաջորդող քայլը լինելու է ուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը, Սապրիկան նշեց․
«Կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո շատ սխալ քայլ կլինի ռազմական բազան դուրս բերել Հայաստանից, հատկապես, որ մենք դեռևս դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում։ Հայտարարություններից անկախ՝ դեռևս աշխատանքներ են տարվում, համագործակցություն կա ռազմաքաղաքական գործընկերության, դաշնակցային համաձայնագրերի շրջանակներում։ Կարծում եմ, որ թեև, գուցե, բազայի մասով որոշակի վերանայում կլինի, բայց այն կմնա ՀՀ-ում՝ որպես հայ հասարակության կայունության երաշխիք»։