Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նայելով Արթուր Հովհաննիսյանի վարքագծին` մտածում ես՝ գուցե Բուլգակովի «Շան սիրտը» իրական պատմությո՞ւն է եղել

Blog Image

«Պրոֆեսորը փողոցում անտեր շուն է գտնում, բերում է տուն և պատվիրում աղախին Զինային կերակրել նրան: Պրոֆեսորը դանակահարությունից մահացած 25-ամյա հարբեցող Կլիմ Չուգունկինի հիպոֆիզը պատվաստում է Շարիկին: Վիրահատությունը հաջող է անցնում: Շարիկը կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել, պահանջում է գրանցում, անուն և անձնագիր: Անունն ինքն է ընտրում. Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկով: Շարիկովը տեղավորվում է աշխատանքի քաղաքային սանիտարական վարչությունում, նա գոհ է իր ճակատագրից»:

Շատերը Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակը համեմատում են «Անասնաֆերմայի» հետ, բայց պակաս բնութագրական չէ նաև Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպը։ Եթե «Անասնաֆերման» բնութագրում է հեղափոխություններից հետո հաստատվող քաղաքական պատկերը, «Շան սիրտը» բնութագրում է հեղափոխությունների արդյունքում իշխանության եկածների բարոյա-հոգեբանական վիճակը։

Շարիկը, միանգամից վերածվելով Շարիկովի, այդպես էլ մնաց այն կենդանին, որը կար նախքան վիրահատությունը, փոփոխությունը միայն խոսելու ունակություն ձեռք բերելն էր։ Այնինչ մարդ դառնալու համար անհրաժեշտ էր ժամանակ, «բնական էվոլյուցիա», որը, ցավոք, Շարիկը չուներ։ Ուստի նրա մեղքն էր, արդյոք, որ «մարդ» դառնալուց հետո նա մատնագիր գրեց իր բարերարի վրա։ Իհարկե՝ ոչ, նա մնացել էր նույն Շարիկը ու թերևս մատնագիր չգրեր, եթե խոսել չսովորեր։ Նա գուցե ընտիր շուն էր, բայց «մարդ» չդարձավ, հետևաբար չպետք էր նրան արհեստականորեն կտրել իր բնական վիճակից։

Տարիներ առաջ, երբ Արմեն Դարբինյանը ՀՀ վարչապետն էր, մոտավորապես մի այսպիսի միտք արտահայտեց. «Նա, ով սև խավիար չի կերել, չպետք է գա իշխանության»։ Այս միտքը ժամանակին ընդունվեց սվիններով ու գուցե և արդարացիորեն քննադատվեց, քանի որ ձևակերպումը շատ սուր էր ու մասամբ անընդունելի, սակայն միայն մասամբ։ Արդյո՞ք ամբողջովին էր սխալվում Արմեն Դարբինյանը։

Կյանքը ցույց է տալիս, որ մեծամասամբ նրանք, ովքեր նախկինում ո’չ աշխատավայրում, ո’չ շրջապատում, ո’չ բակում ոչնչով աչքի չեն ընկնում, լինում են շարքային միջակություն, որևէ հաջողության հասած չեն լինում, ոչինչ ստեղծած չեն լինում, չեն ապահովում թեկուզ փոքր, բայց նյութական բարեկեցություն, չեն հետապնդում մեծ երազանքներ, ապրում են առանց աչքի ընկնող կյանքով, երբեմն լինում են «աբիժնիկ», ապա միանգամից իշխանություն ձեռք բերելու դեպքում վերածվում են չարիքի։ Համեստը դառնում է լպիրշ, քչով բավարարվողը՝ ագահ, վախկոտը՝ «դուխով տղա»։ Երբևէ «խավիար չկերածը» փորձում է իր մերժված տարիները լրացնել անմիջապես, «աբիժնիկը»՝ վրեժ լուծել բոլորից։

Իսկ ինչպե՞ս պարզել՝ ով է ժամանակին եղել մերժված ու միջակություն։ Դրա համար որևէ ջանք գործադրել պետք չէ, բավական է միայն հետևել իշխանության հասածների խոսքին ու վարքին, ապա ամեն ինչ պարզ կլինի, նրանք իրենք կպատմեն իրենց մասին։ 
Ինքնաբավ մարդը, նախկինում չմերժվածը, հոգում նվաստություն չզգացածը երբեք իշխանություն ձեռք բերելով մեկ այլ մարդու չի սպառնա ականջները կտրել, երբևէ ոչ մի կնոջ (ու առհասարակ մարդու) անվան ու արժանապատվության հետ չի խաղա, նրան չի ստորացնի, չի վիրավորի այնպիսի բառապաշարով, որը հարիր չէ ոչ միայն տղամարդուն, այլ ընդհանրապես սեփական արժանապատվություն ունեցողին։ Տղամարդը, որը ստորացնում է կնոջը, զազրախոսում նրա հասցեին, նա տղամարդ չէ, նա նույնիսկ մարդ էլ չէ։ Այնպես որ, Արթուր Հովհաննիսյանը ոչ թե վիրավորել է Թագուհի Թովմասյանին, այլ՝ ինքն իրեն։

Սակայն տվյալ միջադեպը բացի անհատական բնույթից, ունի նաև հավաքական նշանակություն։ Իհարկե, իշխող ուժում ոչ բոլորն են անդաստիարակ ու նախկինում մերժված, ինչպես կնոջը վիրավորած, մարդու անունն ու արժանապատվությունն անվանարկած պատգամավորն է (թեպետ այնտեղ կան նաև թքելու սիրահարներ), սակայն այդ «քաղաքական» միավորը, հատելով բոլոր կարմիր գծերը, արդեն վաղուց անցել է այն եզրագիծը, որը վախկոտին քաջություն է հաղորդում, քանի որ նա գիտակցում է, որ կորցնելու ոչինչ չունի, հետևաբար նրան մնում է միայն նախահարձակ լինելը։ ՔՊ-ն պետք է հարձակվի, քանի որ արժանապատիվ նահանջի ճանապարհն ինքն իր համար փակել է։

Այդ քաղաքական միավորը հավաքական առումով հասել է այն վիճակին, որ գիտակցված էլ ավելի է գահավիժում անդունդը, քանի որ հոգեբանորեն գահավիժումը միակ փրկությունն է թվում։ Ապագայում մենք գուցե ականատես լինենք ՔՊ-ի կողմից էլ ավելի սանձարձակ պահվածքի, էլ ավելի քստմնելի տեսարանների, բայց… փառահեղ է ավարտվում Բուլգակովի «Շան սիրտը» վեպը.
«Երբ բժշկի այցելուներից մեկը հայտնում է Պրեոբրաժենսկուն, որ Շարիկովը նրա դեմ մատնագիր է գրել, պրոֆեսորը պահանջում է Շարիկովից հեռանալ իր տնից:

Շարիկովը հանում է ատրճանակը: Այդ ժամանակ պրոֆեսորը և Բորմենտալը զինաթափում են նրան, քնաբեր են տալիս և փակվում են ընդունարանում: 2 ամիս անց երեկոյան Շարիկը հանդարտ քնած է գորգի վրա: Պրոֆեսորը աշխատում է գրասեղանի առաջ նստած: Կյանքը բնակարանում ընթանում է իր հունով»:


Կարեն Կարապետյան

Send