Իրանը մտադիր է արտահանել իր PastoCovac պատվաստանյութը

Իրանի Պաստորի ինստիտուտի նախագահ Ալիրեզա Բիգլարին հայտարարել է, որ Իրանն իր PastoCovac պատվաստանյութը տարբեր երկրներ, ներառյալ հարեւան երկրները, արտահանելու վերաբերյալ հարցումներ է ստացել։ Այս մասին գրում է իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը։
Բիգլարին ասել է, որ PastoCovac-ը կիրառվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:
Նա հավելել է, որ PastoCovac-ը միակ պատվաստանյութն է, որը ներկայում ստանում են իրանցի երեխաները։
Ավելի վաղ Բիգլարին PastoCovac-ը որակել էր որպես կորոնավիրուսի դեմ ամենաանվտանգ պատվաստանյութը՝ հայտարարելով, որ այն փորձարկվել է Կուբայում բետա-տարբերակի եւ Իրանի դելտա-տարբերակի դեմ եւ 96 տոկոսով ապացուցել է իր արդյունավետությունը:
Այնուհետեւ նա հայտնել է, որ Իրանում ամեն ամիս արտադրվում է PastoCovac պատվաստանյութի հինգ միլիոն չափաբաժին՝ ընդգծելով, որ երեխաների համար բավարար կլինի երկու չափաբաժին:
PastoCovac-ը, որը Կուբայում հայտնի է որպես Soberano 2, համատեղ մշակվել է Իրանի եւ Կուբայի կողմից եւ հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: