ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր և նորաստեղծ Հայոց համազգային միասնություն կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, որ 2019 թվականից գտնվում է Մոսկվայում և այս իշխանությունների կողմից հետախուզման մեջ է, մոտ օրերս պատրաստվում է ընդդիմադիր ուժերի համար դեկլարացիա հրապարակել և կոչ անել՝ միանալ դրան։
MediaHub-ի տեղեկություններով՝ Պողոսյանը մտադիր է իր կուսակցության անունից հրապարակել մի փաստաթուղթ, որի բովանդակությունը հետևյալն է՝ դեկլարացիայի տակ ստորագրած և հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ընդդիմադիր ուժերը պարտավորվում են վերջում իրենց ձայնը տալ ամենաշատ քվե հավաքած քաղաքական ուժին և նրա առաջադրած թեկնածուին ընտրել վարչապետ։
Այսինքն՝ ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանը անում է այն, ինչ Վարդան Ղուկասյանն արեց Գյումրու ընտրություններից առաջ՝ այդպիսով պարտադրելով իր շուրջը համախմբվել Գյումրու ավագանու կազմ անցած ընդդիմադիր ուժերին, որ տապալեն ՔՊ-ին Գյումրիում։ Եվ դա Ղուկասյանի մոտ ստացվեց։ Հիմա Պողոսյանն էլ ուզում է նույնը համապետական ընտրություններից առաջ անել՝ հավանաբար հույս ունենալով միավորել ընդդիմադիր դերակատարներին, որոնք այս օրերին կանգնած են պառակտման եզրին և իրար միս են ուտում թեկնածուների հարցում։ Թեպետ նկատենք, որ հերթական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց ընդդիմադիր դաշտում գզվռտոցը արդեն սկսվել է։
Մեր տեղեկություններով՝ որոշ ուժերի հետ արդեն կա նախնական քննարկում և պայմանավորվածություն այս մասով։
Վահե Մակարյան