Կիրանցում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ մինչև վերջնական խաղաղության հաստատումը շատ կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև ձևավորվի վստահության մթնոլորտ։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իրավական գործընթացը ձևավորված է, քանի որ երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
Շատ գեղեցիկ են հնչում Վահագն Խաչատուրյանի պատկերացումները, գեղեցիկ, բայց իրականությունից կտրված։ Վահագն Խաչատուրյանը կա՛մ դիտավորյալ է կեղծում փաստերը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, կա՛մ տառապում է քաղաքական կուրությամբ։ Ամեն դեպքում երկու պարագայում էլ պետք է փաստենք, որ Հայաստանի նախագահի աթոռին է բազմած մի մարդ, որի հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելն ու դաշնամուր նվագելն է, իսկ քաղաքականության վերաբերյալ արտահայտած մտքերը պարզապես ծեծված ճշմարտություններ են, այն էլ ոչ մեզ վերաբերելի։
Մենք պետք է իրականությանը նայենք ոչ թե Վահագն Խաչատուրյանի աչքերով, այլ այնպես, ինչպես այն կա։ Իսկ փաստն այն է, որ երկու դրվագներով էլ Վահագն Խաչատուրյանը ստում է։ Այդ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի «տարածքային ամբողջականությունը», ընդ որում Արցախն Ադրբեջանի կազմում ներառյալ ու ինչ-որ քառակուսի կիլոմետրեր նշելով։ Իսկ Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է աբստրակտ առանց հստակ նշելու թե քանի քակառուսի կիլոմետրերում է ճանաչում այն ու հատկապես որտե՞ղ է իր պատկերացմամբ գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Հաշվի առնելով, որ Ալիևը պահանջատիրական անթաքույց նկրտումներ ունի Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ ու ամբողջը համարում է «արևմտյան Ադրբեջան» ու ոչ միայն համարում է, այլև գործուն քայլեր է ձեռնարկում այդ գաղափարախոսության իրացման ուղղությամբ, ապա չի բացառվում, որ նա Հայաստանը պատկերացնում է միանգամայն մի այլ տեղ։ Այլ խոսքով ասած, նա ընդհանրապես չի ընդունում Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Նա նույնիսկ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անվանումներն է համարում ադրբեջանական, հետևաբար ասել, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նույնն է, թե ասել, որ գայլերը կողմ են ոչխարների կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Խոսքերով գուցե, բայց քաղաքականությունը ոչ թե հիմնվում է խոսքերի, այլ գործողությունների վրա։
Այս առաջին դրույթից էլ բխում է երկրորդը։ Վստահություն չի կարող լինել երկու ժողովուրդների միջև այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում պետական մակարդակով` սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից, ատելություն են սերմանում հայերի նկատմամբ։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը բերել այն մտքին, որ ադրբեջանցիների հետ պետք է «բարեկամություն» անել, Բաքվի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են նոր պատերազմի, գրեթե «սրբազան արշավանքի» Հայաստանի դեմ, որպեսզի ազատագրեն իրենց «պատմական հողերը»։ Բնականաբար հայերն էլ իրենց թշնամիներն են։
Իհարկե, ասածից չի բխում, որ անպայմանորեն Հայաստանում էլ պետք է պետական մակարդակով ատելության մթնոլորտ տարածվի, բայց նման պայմաններում անդադար խաղաղությունից, հարևանությունից, բարեկամությունից ու ընկերությունից խոսելն ի վերջո հանգեցնելու է զգոնության թուլացման ու մարտական ոգու անկման։ Անդադար խաղաղությունից խոսելը թուլության ու անզորության նշան է, հետևաբար առանց ատելության սերմանման, բայց այնուամենայնիվ պետք է Ադրբեջանին տրվի հստակ պատասխան, որ սրով եկողը, սրից էլ ընկնելու է, իսկ եթե հանրությանը պատրաստում են սրին դեմ տալ այտը, ապա վստահաբար կկտրվի ամբողջ գլուխը։
Կարեն Կարապետյան
