«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի մատյան գունդը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտից «լռվել» էին Ֆեյսբուքում եւ իրար հերթ չտալով` յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ, իրենց տերմիններով` «հեղաշրջման պլանի» մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որեւէ խնդիր չկա, եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել:
Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը, միտումնավոր, համակարգված գործողություն էին մշակել` իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին:
Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ՔՊ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային:
Խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից` ժողովրդի կարեկցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն: Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում եւ թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Այս ծանուցումը դրված է լինում նաև իրավապահ մարմինների բոլոր հաղորդագրությունների տակ: Այդ թվում՝ ՔԿ-ի երեկվա հաղորդագրությունների:
Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այս դրույթը ևս չի գործում, ինչպես, ի դեպ, ընդհանրապես Սահմանադրությունն ու օրենքները: Կա մեկ «օրենք», և դա, փոխաբերական ասած, Նիկոլ Փաշինյանի «sms»-ն է: Նախ՝ հունիսի 24-ին իշխանական ԶԼՄ-ներով տարածվեց շինչ-որ մի «պլան» (ընդ որում՝ ինչպես հետո պարզվեց, մեկ տարվա վաղեմության ու փաստացի կյանքի չկոչված), իսկ երեկ ՔԿ-ն «ահասարսուռ» հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, զուգահեռաբար ձերբակալվում էին ընդդիմադիրները, նրանց կալանավորելու միջնորդություններ էին ներկայացվում, խուզարկություններ էին իրականացվում նրանց տներում:
Բայց ամենաուշագրավը քպական պատգամավորների, կից սատելիտների (առաջնագծում, այսպես կոչված, արևմտամետներն էին) բարձրացրած աղմուկն էր՝ կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ: Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն:
Նույնիսկ փաստաբաններն էին թիրախավորվում որպես ահաբեկիչներ, իսկ նրանք, ովքեր կասկածում էին այս ամենի օրինականության ու ճշմարտացիության մեջ, որակվում էին որպես ահաբեկչությունը խրախուսողներ, պաշտպանողներ:
Բնական է, որ հանրության գերակշիռ մասը որևէ վստահություն չունի փաշինյանական «իրավապահների» ու դատարանների օբյեկտիվության մեջ, իսկ նման հակաօրինական տոտալ քարոզչության պարագայում՝ ընդհանրապես չկա այդ վստահությունը: Առավել ևս, որ հանրության մեծ մասը կասկածներ ունի, որ այս ամենը սարքած է՝ սկսյալ «պլանից»: Մյուս կողմից՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ կան նման ձայնագրություններ (այսինքն՝ սարքած չեն), կան ինչ-որ թղթի կտորներ, ապա դեռ պետք է ապացուցել, որ դրանք իրենց մեջ հանցագործություն պարունակող տարրեր ունեն, որ դրանք ձեռք են բերվել օրինական կարգով: Եվ վերջապես, քաղաքական պայքարի, իշխանափոխության գործիքակազմը, այդ թվում՝ փողոցներ փակելը և այլն, մարդկանց ապստամբելու իրավունքն ու զինված հեղաշրջումը, առավել ևս՝ ահաբեկչությունը տարաբևեռ բաներ են:
Հասկանալի է, Փաշինյանն իր աթոռը պահելու, դիմադրության օջախները թուլացնելու համար դեռ շատ ձերբակալությունների հրահանգ կտա: Ազգայինի, պետության, պետականության դիրքերում հանդես եկողների, հայրենասեր, ազգային ուժերի շատ ներկայացուցիչների կբռնեն: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությունից ձերբազատվելու, ըստ այդմ՝ երկիրը փրկելու ցանկություն ունեցողների կբռնեն: Բայց այդ պարագայում դժվար բանտերում այդքան տեղ լինի. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին Բ-ին Վեհարանից «հեռացնելու» կոնկրետ պլաններ ունեն: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ Վեհափառի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրեւ հակապետական անձանց, ու ամեն գնով հասնել Վեհափառի հեռացմանը:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի սկանդալային գրառում էր արել. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Եվ շուրջ մեկ ամիս է Փաշինյանն ամեն օր գրառումներ է անում հոգեւոր հայրերի մասին, բավականին կոպիտ բառապաշար օգտագործում, Գարեգին Բ-ին հարց ուղղում՝ նրա զավակ ունենալ-չունենալու վերաբերյալ ու պահանջում լքել Վեհարանը: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը նույն կերպ շարունակելու է ճնշել հոգեւորականներին ու Վեհափառին, հատկապես Գարեգին Բ-ի` Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն երեկ այցելելուց հետո: Ինչպես հայտնի է առաջին նախագահին Փաշինյանի տիկինը կոշտ վիրավորանքներվ հիշատակեց՝ «մեռելի զդաչի»-ից մինչեւ «գիտնական ոջիլ»»։