Սեպտեմբերի 19–ը արցախցիների համար այն օրերից է, որ անհնար է առանց ցավի հիշել. պատերազմ, զոհեր, պայթյուն, բռնի տեղահանում․․․
Արցախցի բուժքույր տիկին Արլետան հուզմունքը մի կերպ է զսպում վերհիշելով այդ օրվա իրադարձությունները․ Մարտունու հիվանդանոցից վիրավորին տեղափոխեց Ստեփանակերտ, Ստեփանակերտում հիվանդանոց մտնելուց նրան հայտնեցին, որ իր եղբոր երեխան զոհվել է։
«Ես բուժքույր եմ, հոսպիտալում էի աշխատում, և՛ 90-ականների պատերազմին եմ մասնակցել, և՛ ապրիլյան, և՛ 2020թ–ի, և՛ 2023թ–ի։ Ամուսինս 90-ականների պատերազմից հետո դարձել է առաջին կարգի հաշմանդամ, տղաս նույնպես մասնակցել է պատերազմներին՝ 2020թ–ի և 2023թ–ի, կարելի է ասել՝ ամբողջ ընտանիքով պատերազմների մեջ ենք եղել»,– MediaHub-ի հետ զրույցում ասում է նա։
Մարտունեցի բուժքույրը հիշում է. սեպտեմբերի 19–ին կրակոցներ սկսվեցին, հիվանդանոց վիրավորներին էին բերում, բժիշկը եկավ ասաց, որ պետք է վիրավորներին հասցնել Ստեփանակերտ։
«Չոքած վիճակում շտապօգնության մեքենայով հասցրեցինք Ստեփանակերտ, կրակոցները ուժեղ էին։ Ստեփանակերտի հիվանդանոց մտա, միանգամից հայտնեցին, որ եղբորս երեխուն են բերել։ Ասեցի՝ ո՞ւր է, վիրավո՞ր է, օգնո՞ւմ են, ասեցին՝ չէ.... բերել էին, արդեն չկար։ Երեխուս գերեզմանը մնաց այնտեղ, հուղարկավորելուց երկու օր հետո տեղահանվեցինք»,– ասում է նա։
Գոռ Բաղդասարյանը 29 տարեկան էր, ամուսնացած չէր, ամբողջ կյանքն առջևում էր, սակայն, սեպտեմբերի 19–ը դարձավ ճակատագրական։ «Հարցնում էի՝ Գոռ, ինչի՞ չես ամուսնանում, երեխա ունենաս, իսկ Գոռը միշտ ասում էր՝ չէ, Արլետ քույրիկ, ես չեմ ամուսնանալու, երկար չեմ ապրելու․․․․ Ես էլ ջղայնանում էի, ասում էի՝ մի՛ ասա այդպես, երևի զգում էր․․․»,– լացը զսպելով պատմում է մեր զրուցակիցը։
Տիկին Արլետան սարսափով է հիշում 2020թ–ի 44-oրյա պատերազմը․
«Հարցնում էին՝ չե՞ս վախենում, կին ես, մայր ես. 2020թ–ի պատերազմը շատ դաժան էր, 44 օր անընդհատ զարկերի, կրակոցների տակ ենք ապրել, գոյատևևլ, ու հարցնում էին՝ չե՞ս վախենում, ասում էի՝ 44 օր անգամ ժամանակ չունեինք մտածելու վախենալու մասին»։
Չնայած նրան, որ ամբողջ կյանքում տիկին Արլետան բուժքույր է եղել, փրկել մարդկանց կյանքեր, տեղահանվելուց հետո նա այլևս բուժքույր չի աշխատել, ասում է՝ տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով այլևս չեն վերցնում աշխատանքի։
Մարիաննա Արամյան