Արցախի հարցը վերջնականապես ու մեկընդմիշտ փակելու համար այն Ադրբեջանի կազմում ճանաչելը բավարար չէ։ Բնականաբար մարդկանց հիշողությունից ջնջելը նույնպես անհնար է, ուստի պետք է ատելություն գեներացնել ոչ միայն Արցախի, այլև արցախցիների շուրջ, ինչով էլ զբաղված է իշխանական քարոզչամեքենան։
Իշխանությանը հաջողվել է ձևավորել մի ագրեսիվ փոքրամասնություն, որոնք ատելությունն ու հայհոյախառն անհանդուրժող վերաբերմունքը հիմնականում տարածում են սոցիալական ցանցերում։ Մենք հաճախ թերահավատորեն ենք մոտենում սոցիալական ցանցերին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ ագրեսիվ փոքրամասնությանը, որը հիմնականում գործում է ուղղորդված, հաջողվում է ստեղծել պատրանք, իբր հայաստանյան հասարակության մեծամասնությունը համաձայն է իշխանության կողմից տարվող քաղաքականությանը։ Ու հենց այդ պատրանքն էլ Նիկոլ Փաշինյանը ռեալիզացնում ու հրամցնում է որպես իրականություն։
Այսօր Կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի մասնակից արցախցի մի կին իրավամբ նշեց, որ «արցախցիները նույնիսկ Հայաստանում գտնվում են բլոկադայի մեջ», մի այլ արցախցի էլ Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում. «Կանխել արցախցիների արտագաղթը Հայաստանից»։ Բնականաբար միամտություն է կարծելը, որ Նիկոլ Փաշինյանը քայլեր կձեռնարկի արտագաղթը կանխելու համար, քանի որ ինչքան շատ մարդ հեռանա Հայաստանից, այնքան, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առավել կհեշտանա Արցախը իսպառ հանել թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական օրակարգից (իսկ որ Արցախի հարցը վերջնակապանես փակված չէ, դա լավ գիտակցում են և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը)։
Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն բոլոր միջոցներին, որպեսզի արցախցիները հեռանան Հայաստանից։ Դրա համար պետք է ստեղծել սոցիալ-տնտեսական անտանելի պայմաններ, արհամարհանք իշխանության կողմից, հնարավորինս ատելության սերմանում ու ներքին պառակտումներ։ Չորս ուղղությամբ էլ իշխանությունն ինտենսիվ աշխատում է ու ցավով պետք է արձանագրել, որ ոչ առանց արդյունքների։
Ներկայիս իշխանություններն ավելի վաղ փուլում արցախցիներին դիտարկում էին որպես գործիք, որոնց հանդեպ թշնամանք տարածելով փորձում էին վերջնականացնել Արցախի հանձնումը, իսկ հիմա իրենց այդ ծրագրում հասնելով մաքսիմումի, որովհետև ավելին այլևս չեն կարող, արցախցիներին արդեն սկսել են դիտարկել որպես մի բեռ, որից պետք է ազատվել։
Ուստի այս գործընթացն անկասելի է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանության են։ Արցախցիների հանդեպ ատելության սերմանումը, իշխանությունների կողմից նրանց նկատմամբ արհամարհանքը շարունակվելու է, ինչն էլ կհանգեցնի արցախցիների՝ Հայաստանից հեռանալուն։ Քաղաքական մեծ գրագիտություն պետք չէ հասկանալու համար, որ Արցախի հարցը վերջնականապես չփակելու, երբևէ Արցախը կրկին արցախցիներով բնակեցնելու հնարավորություն կլինի միայն այն ժամանակ, եթե կան արցախցիներ։ Եկեք իրատեսական լինենք, Արցախը նորից հայերով բնակեցնելու միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, այլ ճանապարհ պարզապես չկա, ու եթե, Աստված մի արասցե, արցախցիների ճնշող մեծամասնությունը հեռանա Հայաստանից, ապա մենք իրոք վերջնականապես կփակենք Արցախի էջը։ Այսօր ո՞վ է խոսում Նախիջևանը կրկին հայերով բնակեցնելու մասին, ոչ ոք, որովհետև բոլորն են հասկանում, որ նույնիսկ եթե տեսականորեն Ադրբեջանը ներկայացնի անվտանգության անհերքելի երաշխիքներ, միևնույնն է, գրեթե չենք գտնի նախիջևանցի, որը կցանկանա վերադառնալ իր պապական հողերը։
Եկեք կյանքը ընդունենք այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ներկայացված է վեպերում, ու եթե ուզում ենք երբևէ նորից ունենանք հազարամյակներով հայերով բնակեցված Արցախ, ուրեմն արցախցիներին պետք է աչքի լույսի պես պահենք։
Կարեն Կարապետյան