Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը, ուրանալով Հայոց ցեղասպանությունը, վառ է պահում հայ ժողովրդի վզին կախված յաթաղանի պատկերը

Blog Image

 

Նիկոլ Փաշինյանն առավոտյան իր լայվով, որը նա կոչել է «մի րոպե մի բան ասեմ», խոսել է ինչ-որ մի եվրոպական երկրի ղեկավարի մասին, որն իբր Կոպենհագենում հանդես է եկել զեկույցով՝ նշելով, որ ըստ սոցհարցումների, իրենց երկրում հանրությանն իշխանության դեմ տրամադրելու համար ամենամեծ ազդեցությունն են ունենում ազգայնության, եկեղեցու, առողջապահական ոլորտների ու դավադրության (ամենայն հավանականությամբ նկատի ունի դավադրության տեսությունը) ուղղությամբ արված դեզինֆորմացիաները։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն իրենից գոհ շեշտում է, որ պարզ է, թե իր առակն ինչ է ցուցանում, այնուհետև գալիս եզրահանգման, որ մեր հանրությունը շատ չի տարբերվում եվրոպական հանրություններից։ Իհարկե. միայն պրիմիտիվ ու թերուս ուղեղներին է հատուկ ընդամենը մի նախադասությունից կամ մի զեկույցից հետո գալ վերջնական եզրահանգումների, սակայն ինչ-որ առումով այս լայվը բացառիկ ինքնախոստովանություն է Փաշինյանի կողմից։

Եվրոպական այդ երկիրը, որի անունը նա չի տալիս, ջրի երկու կաթիլի պես նման է Հայաստանին, քանի որ մեզ մոտ հենց այս ուղղություններով է ընթանում ողջ գրոհը, որն իրականացվում է իշխանության կողմից։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն այն փորձում է պրոյեկտել ընդդիմության վրա, սակայն համաձայն ասացվածքի. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»։

Ազգայնության ոլորտում դեզինֆորմացիայի կամ ավելի ճիշտ մանիպուլյացիայի հերթական ապացույցն է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ինժեներական համայնքի հետ հանդիպման ընթացքում։ Ըստ նրա՝ ինքը զարմացել է, թե ինչո՞ւ են Չորաթանի երեխաները իրենց սարերը թողած նկարում Մասիսը։ Ու «մեղադրական» արձանագրումներ է անում, որ դրա պատճառն այն է, որ մենք չենք սիրում մեր պետությունը, չենք գնահատում այն, ինչ ունենք։ Ահա սա դեզինֆորմացիայի վառ օրինակ է ու ազգային արժեքների վրա հերթական հարձակում։ Նրա պարզունակ ուղեղը չի ընկալում, որ Հրանտ Մաթևոսյանի ձևակերպմամբ` մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության միջից ջնջել հիշողությունը, ապա նրա նպատակն է հավաքական առումով մարդուն վերածել անասունի։ Չի կարող որևէ ազգ, հասարակություն կամ պետություն ունենալ ապագա, եթե նրան զրկում ես անցյալից։ Անցյալն ուրացողը կարող է ուրանալ թե՛ ներկան ու թե՛ ապագան։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, թերևս բացի ամեոբաներից, բաղկացած է այդ երեք կոմպոնենտից։ Այն հասարակությունը, որը կառուցվում է միայն «սովորիր, որ լավ ապրես» կամ «այստեղ հաց, այստեղ կաց» պրիմիտիվ մոտեցումների վրա, ապա զրկվում է և՛ ապագայից, և՛ հայրենիքից։ Վերջապես անասունը հայրենիք չի ունենում, նրա համար կարող է հայրենիք ընկալվել ցանկացած արոտավայր, որն ապահովում է առատ խոտ։

Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես մեր ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ու այն հարվածները, որը Փաշինյանը հասցնում է նրան, ամբողջովին շարունակությունն են ազգային արժեքները ոչնչացնելու, հիշողությունը ջնջելու, հայ ժողովրդից սպառողական զանգված կերտելու Փաշինյանի ծրագրերի, որոնք նա իրականացնում է հենց դավադրությունների միջոցով։ Նա շանտաժի է ենթարկում ու սպառնում հասարակությանը։ Ուրանալով Հայոց ցեղասպանությունը՝ նա միաժամանակ վերակենդանացնում է թուրքական յաթաղանը հայ ժողովրդի վզին կախելու պատկերը։ Ազգային արժեքները ոչնչացնելու ու հայրենիքը մասնատելու նրա յուրաքանչյուր քայլն ուղեկցվում է հենց այդ յաթաղանի սպառնալիքի տրամաբանությամբ։ Եթե չեք ուզում հրաժարվենք Արարատ սարից՝ կլինի պատերազմ, եթե չեք ուզում հանձնենք հերթական տարածքը՝ կլինի պատերազմ, եթե չեք ուզում հանձնենք միջանցքը՝ կլինի պատերազմ, եթե չենք ուզում հրաժարվենք Անկախության հռչակագրից՝ կլինի պատերազմ, եթե չեք ուզում թուրքերին ու ադրբեջանցիներին ընկալել որպես բարեկամ՝ կլինի պատերազմ։ Ընդ որում, պատերազմի մասին նրա սպառնալիքները հիմքում ունեն այն ելակետը, որ մենք անպայման պարտվելու ենք, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես անում է հետևյալ ուղերձը՝ կա՛մ սիրիր ու ենթարկվիր թուրքերին ու ադրբեջանցիներին, կա՛մ հիշիր յաթաղանը։

Հետևաբար ո՞վ է եվրոպական այդ երկրի ղեկավարը, որի զեկույցով այդքան հիացել է Նիկոլ Փաշինյանը ու որը ներկայացրել է այն պատկերը, որը տիրում է Հայաստանում։

Կարեն Կարապետյան

Send