Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ է ասել Փաշինյանը անհանգիստ թիմակիցներին, Բոյկոտել են Փաշինյանի ելույթը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Իրավունք» թերթը գրում է.

«Փաշինյանը ողջ թիմի անդամներին հանձնարարել է պատրաստ լինեն: Մտածելու տեղ չունեն, եթե փողոց դուրս եկողներ շատ լինեն հոգեւորականների համար, մի երկու «պոռնկաբարո» տեսանյութ կհրապարակի, որը ժողովրդի համար սառը ցնցուղ կլինի։

Թիմակիցների անհանգստություններին ի պատասխան, նա նաեւ ասել է՝ ինձ լսեք, սաղ կոնտրոլի տակ է»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հունիսի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել` International Conference on National Identity in a Time of Crisis անվանումով (Ազգային ինքնությունը՝ ճգնաժամի ժամանակ), որին ներկա են գտնվել Հայաստանից եւ արտերկրից գիտնականներ։ Ելույթ են ունեցել՝ Օքսֆորդի համալսարանի դասախոս Դավիդ Միլլերը, Ուփսալայի համալսարանից Ջինա Գուստավսոնը, մշակութաբան Աղասի Թադեւոսյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը եւ ուրիշներ:

Մեզ պատմեցին, որ հունիսի 29-ի նիստն առավոտից բնականոն հունով ընթացել է մինչեւ այն պահը, երբ հայտարարվել է, որ բանախոսելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը` «Ինքնությունը՝ ճգնաժամի պահին» թեմայով: Նրա՝ 30 րոպեանոց ելույթի համար կոնֆերանսի օրակարգը խախտել են` ելույթներ են հետ ու առաջ գցել, անվտանգության աշխատակիցներ են ժամանել, արդյունքում բանախոսներից մի քանիսը հեռացել են դահլիճից՝ չցանկանալով նրա ելույթը լսել: Հեռացողներից է եղել նաեւ քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Փաշինյանը խոսել է խաղաղության, հարեւանների հետ բարեկամության, «իրական Հայաստանի» մասին: Մինչդեռ հայ գիտնականներն ակնկալել են, որ Փաշինյանն այդ հարթակը կօգտագործի՝ Բաքվում դատվող հայ ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ ադրբեջանցիների վայրագությունների մասին խոսելու համար:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ԱԺ-ն քննարկելու է, ինչպես մասնագետներն են նշում, «ՀԷՑ-ը խլելու» օրինագծերը: Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ դա ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Իշխանությունները ՀԷՑ-ի դեմ քարոզչության շրջանակներում նշում են, որ մասնավորի կողմից վատ կառավարում է իրականացվում: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է, որ իրականում հակառակն է: «Եկեք համեմատական տանենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջև։ ԲԷՑ-ը պետական է, որի հիմնական նպատակը, ուղենիշը եղել է Հայաստան-Իրան, ՀայաստանՎրաստան էլեկտրահաղորդման ցանցի կառուցումը, վերազինումը, վերանորոգումը, շատ ավելի հզոր էլեկտրամալուխներով, լարերով փոխանցման համար նոր գծերի կառուցումը և այլն։ Սրանից որևէ մեկը չի իրականացվել, չեն կարողացել սա կատարել։ Ի՞նչ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ 150 միլիոն դոլարի վարկեր է ներգրավել միջազգային կազմակերպություններից, մոտավորապես 165 միլիոն դոլարի չափով էլ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի տարածքում, ներգրավել է դրամական միջոցներ, որի հաշվին կարողանում է պարբերաբար վերազինվել։ Ընդ որում՝ «Moody's» վարկանիշավորման միջազգային ընկերությունը Հայաստանի վարկունակության գնահատականից մի աստիճանով բարձր գնահատական է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին»,-նշում է Սարգսյանը։

Մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի բոլոր անջատումների դեպքում մեղադրում են ՀԷՑ-ին: «Տեսեք՝ էլեկտրաէներգիայի տեղափոխման պատասխանատուն, տեղափոխման ծառայություններ մատուցողը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն» են, որը պետական է, այսինքն՝ նրա փոխանցման դժվարությունների՝ պարբերաբար վերազինումներ, վերանորոգումներ չիրականացնելու պատճառով տեղի են ունենում վթարներ և հոսանքի վթարային անջատումներ, բայց որպես դրա մեղավոր այսօրվա կառավարիչը կարգում է բաշխիչ ցանցին՝ ՀԷՑ-ին»,նշում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ այս ամենի հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում։ «Իսկ վերջում, բնականաբար, ևս մեկ ռազմավարական օբյեկտի հանձնում Թուրքիային»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իրավապահ համակարգը, եկեղեցական գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց եւ կալանքից բացի, այժմ զբաղված է նաեւ նրանց շրջապատի ներկայացուցիչների գույքերի ուսումնասիրությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստուգվում են այն անձանց ունեցվածքները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել կամ կապ են ունեցել կալանավորված երկու եպիսկոպոսների հետ։

Թե ինչով կավարտվի փնտրտուքի այս գործընթացը, դեռ վաղ է ասել, սակայն արդեն մեկնարկել են լայնածավալ որոնումներ, թե ով ինչ ունի, ինչպես, երբվանից:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ահաբեկչություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ իշխանության զավթման փորձ՝ մի ժամկետանց փաստաթղթի հիման վրա։ Նա գտնվում է կալանքի տակ։ Կալանավորված է նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում դեմ քրեական հետապնդման հիմքերից մեկը եղել է երկու տարի առաջ՝ հունիսին արված հրապարակային խոսքը, այն է` «անհրաժեշտություն կա ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում` փրկելու մեր երկիրը դավաճաններից»: Նույն` իշխանազավթման մեղադրանքով կալանքի տակ է նաեւ հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր, թե եկեղեցու կողքին է եւ իր ձեւով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց մոռացել է ժողովրդավարության մասին` անցնելով դիկտատուրայի»։

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Պարզվում է` եկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանին մի այլ կարգի «դուխ» է տալիս հայտնի գարդասիլագետ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Վերջինս շեֆի մոտ դիվիդենտ է, որ շահում է։

Ասում են՝ ՔՊ–ի նիստերին, Արսեն մի ասա, մի բլբուլ ասա, շեֆին եկեղեցու դեմ պատերազմում նոր մտքի գիգանտ «զենքեր» է տրամադրում։ Այնպես է շեֆին հաճոյանում, որ նվիրյալ ՔՊ-ականներն են սկսել խանդել վերջինիս»։

 

Send