Նիկոլ Փաշինյանի՝ հասարակությանը, պետությանը հասցրած վնասները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Որքան էլ ցավալի լինի, բայց պետք է խոստովանել, որ նրան հաջողվել է մի ստվար հատվածի վերածել սպառողական զանգվածի, որոնց մոտ երկրորդված են ազգային խնդիրները, Հայաստանի պետականության հնարավոր կորուստը, Արցախի հանձնումը ու հնարավոր է նաև Սյունիքի օտարումը։
Երբեմն մենք խուսափում ենք առերեսվել իրականության հետ, բայց երբ քաղաքական գործիչը, քաղաքական միավորը կամ քաղաքականության հետ առնչվող որևէ մարդ փորձում է մեղմել գույները կամ չնկատելու տալ անցանկալի երևույթները, ապա ձախողումն անխուսափելի է։
Այսօր հանգամանքների բերումով հայտնվեցի մի շրջապատում, որտեղ անվերապահորեն հավատում էին Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքին, նրանք ողջունում էին Բագրատ ու Միքայել Սրբազանների կալանավորումը, վերջիններիս համարելով մարդասպան, ողջունում էին Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հեպանդումներն ու ՀԷՑ-ը խլելը։ Նրանց համար միևնույնն էր Արցախը կլինի Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի կազմում, կլինի անկա՞խ, թե՞ առհասարակ չի լինի։
Նրանց համար միևնույնն էր՝ Փաշինյանը հանձնո՞ւմ է «Զանգեզուրի միջանցքը», թե՞ ոչ։ Անիծում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Իսկ ո՞րն էր նրանց ատելության պատճառը։ Ու առհասարակ, բոլոր նրանք, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, նրանց համար «նախկիններ» են, որոնք թալանել են ու սպանել։ Իսկ թե ի՞նչ են թալանել, ինչքա՞ն են թալանել կամ ո՞ւմ են սպանել, պատասխանը չկա։
Այնինչ պատասխանը մեկն է, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր անունով վիրուսը (նիկոլիզմ) տարածել բազմաթիվ մարդկանց շրջանում ու ստեղծել այնպիսի լյումպեն մասսա ու ագրեսիվ բազմություն, որոնք վերածվել են ազգային անվտանգության սպառնալիքի։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությունը բևեռացնել այն աստիճանի, որ այդ ագրեսիվ բազմության աչքին կամ դու պետք է կուրորեն սիրես Նիկոլ Փաշինյանին, կամ դու թալանչի ես ու մարդասպան, լավագույն դեպքում նրանց շահերի պաշտպանը։
Այդ լյումպեն զանգվածին լսելիս ակամայից հիշում ես Ռուբեն Հախվերդյանի երգից մի հատված. «Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը, որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է»։
Սակայն հանրության նույնիսկ այդ հատվածին մեղադրել պետք չէ։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ ոմանց հաջողվել է նրանց մեջ արթնացնել ու զարգացնել հատկապես բնազդները, սպանել ազգայինը, երազանքները, ձգտումները ու բերել Նիկոլ Փաշինյանի ստամոքսային տրամաբանությանը։ Սա հետևողական աշխատանքի արդյունք է, տարիների միտումնավոր գործընթաց, որի գլխավերևում կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է գաղափարական ու հետևողական աշխատանք տարվի բոլորիս ախտահանելու ուղղությամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության եկած ուժերը համարեն, որ միայն վերջինիս հեռացումը բավարար է ու գաղափարական քարոզչությամբ, ընդ որում հետևողական քարոզչությամբ չվերացվի «նիկոլիզմը», ապա վաղ թե ուշ այդ բացիլները ծնելու են նոր Նիկոլ Փաշինյան իր ողջ աղետալի հետևանքներով հանդերձ։
Կարեն Կարապետյան