Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին, Հրադադար է հայտարարվել. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է. 

Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս լռությունը թվացյալ է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով:

Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը․ երեկ կլոր-սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։

Հունիսի 16-22-ն էլ Մայր Աթոռը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու: Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին մայր տաճարում Սուրբ պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին խոսելը թերեւս անիմաստ է, ու ասելիք եւ անելիք, թվում է, թե չկա, բացի ՀՖՖ այս թիմի հեռացումից՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար Արմեն Նիկողոսյանի։

Դժգոհության հանրային ալիքը դեռ իր ասելիքը կասի այս մարդկանց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ հերթական աբսուրդային որոշումը, որը կայացրեց ֆուտբոլի ֆեդերացիան. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, չունի մարզչական աշխատանքի փորձ, ավելին՝ Միշա Ջորկաեֆն ի տարբերություն եղբոր՝ երբեք բարձրակարգ թիմերում չի խաղացել, ու համեմատություն տանել եղբոր անցած ճանապարհի հետ անիմաստ է։

Հարցն այստեղ այն է, որ, փոխանակ խելքները գլուխները հավաքեն անդադար պարտություններից հետո ու գոնե կանգնեցնեն հայկական ֆուտբոլի գահավիժումը, հավաքեն ոլորտի գիտակների, հակառակը՝ առաջնորդվում են անհաշվարկ ու անհիմն նշանակումներով, որոնք նույնիսկ չեն բացատրվում։ Նույնիսկ ՀՖՖ պաշտոնական կայքում այդ մարդու կենսագրությունը չկա: Ֆուտբոլային գիտակ, ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «սրանք (ՀՖՖ ներկա ղեկավարները) հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ՝ երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ»։ Իսկ 2026թ.-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը կարծես այս ամենին նայում է մատների արանքով, կամ նրան դուր է գալիս հայկական ֆուտբոլի պարտված ու ողբալի վիճակը։

Հ.Գ. երեկ համակարգից ոստիկան հեռացվեց՝ լրագրողի հետ կոպիտ վարվելու համար, օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում նախկին ոստիկան հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ բռունցքով հարվածեց անչափահաս ֆուտբոլասերի, բայց մինչ օրս այդպես էլ չի պատժվել»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ, եւ նրան, բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից, ոչ ոք չի կարող այցելել:

Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրահամյանի թոռան` դստեր տղայի հարսանիքը:

Աբրահամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ: Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կա՛մ հարսանիքը կհետաձգվի, կա՛մ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ադրբեջանը նորից «առաջին պլան» է բերել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ինչը սպասելի էր: Մասնավորաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ»: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, Ադրբեջանը ցանկանում է օգտվել Իրան-Իսրայել պատերազմից և կյանքի կոչել իր բնույթով պանթուրքական «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանն Իրանից և Իրանը ՀՀ-ի տարածքով Հարավային Կովկասից ու Սև ծովից կտրելու համար. «Իսրայելի կողմից Իրանին հարվածները ձեռնտու են թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ իրանական պետականության, բանակի թուլացման պարագայում Թեհրանը չի կարողանա պաշտպանել հայկական Սյունիքն ու դա կհանգեցնի ադրբեջանական ներխուժմանը Սյունիք։

Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն թե՛ Հայաստանի համար, թե՛ Իրանի։ Իրանը Սյունիքով կապ է պահպանում Հարավային Կովկասի՝ ՌԴ-ի ու Սև ծովի հետ, Սյունիքով Իրանն ունի այլընտրանքային ելք դեպի սևծովյան նավահանգիստներ, ԵԱՏՄ ու ռուսական շուկա»։

Բացի այդ, ըստ հեղինակների, Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիայի կամ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պարագայում ակտիվանալու են անջատողական շարժումներն Իրանական Ադրբեջանում. «ԻսրայելԻրան պատերազմի պարագայում Հրեական պետությունն ու նրանց աջակցող անգլոսաքսոնական ուժերն ամեն ինչ անելու են Իրանում ներքին ճակատ բացելու համար, իսկ դրա համար կարող են օգտագործել պանթուրքական շարժումներն Իրանի հյուսիսում, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները՝ որպես հենակետեր Իրանի դեմ։ «Զանգեզուրի միջանցքը» թույլ կտա Իրանի հյուսիսում ստեղծել պանթուրքական առանցք, որը կարող է օգտագործվել Իսրայելի, ՆԱՏՕ-ի կողմից՝ զորք, զենք և տարբեր իսլամիստական խմբեր Իրանի հյուսիս տեղափոխելու համար»,-գրում է ալիքն ու հավելում, որ քպականներն ոչինչ չեն անում թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու ու հայկական ազգային ու պետական շահերը պաշտպանելու համար. նրանց համար թիրախներ են Հայ առաքելական եկեղեցին, հայ-ռուսական կապերն ու հայոց բանակը։

Նշում են՝ Իրանն այժմ գտվում է բարդ աշխարհաքաղաքական վիճակում, և Իսրայելն ամեն ինչ անելու է Իրանին Մեծ Մերձավոր Արևելքում թուլացնելու համար: «Իրանի թուլացումն ու հնարավոր կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմանները հայոց պետականության համար թիվ մեկ սպառնալիքներից է։ Սյունիքը հայկական է և կայուն Իրանի շնորհիվ, Նախիջևանից Երևանին հարվածներ չեն հասցվում այդ թվում՝ իրանական պետության հայամետ դիրքորոշման շնորհիվ։ Հայ-իրանական հարաբերությունները պետք է ամրապնդվեն՝ Իրանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը բխում է հայկական ազգային շահերից: Իսրայելն Իրանի շուրջ ստեղծում է պլացդարմներ՝ առաջին հերթին Ադրբեջանում և փորձելու է օգտագործել Իրանում անջատողական շարժումներն այդ երկրի կազմաքանդման համար։ Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերից չի բխում միասնական և ուժեղ Իրանի առկայությունը, որը ձեռնոց է նետում անգլո-սաքսոնական շահերին Մերձավոր Արևելքում, Արաբական թերակղզում և Աֆղանստանում։ Այսպիսով, Իրան-Իսրայել պատերազմը կարող է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքն ու ակտիվացնել ռազմական բախումները Հարավային Կովկասում»,-նշում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ն այս մեծ խաղի մեջ պետք է ունենա ադեկվատ, հայամետ կառավարություն երկրի ներսում, իսկ ՔՊ-ն պետք է օր առաջ հեռացվի, ինչպես նաև ամրապնդի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ։

 

Send