«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ։ Քաղաքական ուժերը բավական ակտիվորեն նախապատրաստվում են դրանց: Երեկ արդեն տարբեր տեղեկություններ էինք ստանում, որ իշխող ուժը խախտումներով է սկսել քարոզարշավը:
Երեկ մեկնարկեց նաև «Հայրենիք» կուսակցության քարոզարշավը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է, որը քարոզարշավի մեկնարկը սկսել է Եռաբլուր այցից։ Մանուկյանը կասկած չունի, որ այս ընտրություններում իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրս։ «Կցանկանայի, որ չարության ռեսուրսները չկիրառեին, այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը։ Չնայած իշխանություն չկա, նրանք օտարի շահերը սպասարկողներն են»։
Ընտրվելու պարագայում որո՞նք են լինելու Մանուկյանի համար առաջնահերթ հարցերը։ «Պետք է կարողանանք հնարավորինս լուծել մարդկանց առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Գյուղական համայնքներում բազմաթիվ խնդիրներ ունենք՝ գյուղատնտեսներ, անասնաբույժներ չունենալուց մինչև խորհրդատուներ, որոնք կկարողանան այնպիսի բիզնես ծրագիր կազմել, որպեսզի գյուղացին ֆինանսական կորուստներ չունենա։
Պետք է աջակցենք արցախահայերին, որոնք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։ Չբացառելով Արցախ մեր վերադարձը՝ նրանք պետք է զգան, որ հարազատ հողում են»։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարձր է գնահատում իրենց թեկնածուի շանսերը։ Հաղթանակը կարևորում է, բայց նշում է՝ վերջին հինգ-վեց տարում իր նպատակը մեկն է՝ իշխանազրկել ՔՊ-ին։ «Դա պետք է անենք նաև Վաղարշապատում։ Նոյեմբերի 16-ին փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը։ Պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, բայց ամեն ինչ անելու ենք առավելագույն ձայներ ստանալու համար։ Վստահ եմ՝ մեր թիմի վրա։ Այս ընտրություններով վաղարշապատցին պետք է ապացուցի, որ այն քաղաքական ուժը, որն արշավ է սկսել Եկեղեցու դեմ, չի կարող անգամ մեկ ձայն ստանալ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց Վանեցյանը։
Ընդգծեց՝ որքան էլ իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, իրենք վստահ են՝ նրանք որևէ արդյունքի չեն հասնելու. «ՔՊ կուսակցությունը Վաղարշապատում, կասեի՝ ողջ Հայաստանի տարածքում, այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառման պարագայում իրեն չի հաջողվելու հաղթանակ գրանցել։ Կարող են մեկ բան անել՝ գործի դնել իրավապահ համակարգը, սկսել ապօրինի ձերբակալություններ, որոնց ականատես ենք լինում վերջին շրջանում։ Բայց մենք ամուր ենք, վստահ մեր հաղթանակի հարցում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի մայիսին. մինչ այդ նա ԱԺ նախագահի օգնականն էր ընդամենը: Հայրապետյանը այն եզակի աշխատակիցներից է, որ մշտապես ուղեկցում է Սիմոնյանին՝ որպես ԱԺ նախագահի «հագուստի արդուկի գծով խորհրդական»։
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ուշագրավ ուղղվածություն ունեցող խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Նա, Ազգային ժողովում աշխատելով, ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երեւանում։
ԱԺ նախագահի խորհրդականի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 890 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4,2 հազար դոլար, 11,5 մլն դրամ։ Աշխեն Հայրապետյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 150 հազար դրամ, որից 12 մլն 710 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2 մլն 439 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։
Խորհրդականի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 375 հազար դրամ, որից 20 մլն 80 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել Ազգային ժողով այն մասին, թե Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում: Խնդրել էինք ներկայացնել, թե, որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով): Բանն այն է, որ հենց ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել էին, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի, արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Հենց դրա համար էլ վերը նշված հարցադրումները ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ: Սակայն ԱԺ-ից պաշտոնապես ստացանք հետեւյալը. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»: Մնացած հարցերը համարվել էին «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»:
Դե, իհարկե, ինչ խորհուրդ պիտի տա Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանին: Պարզ է, որ այդ հաստիքին է նշանակվել, որ բարձր աշխատավարձով արդուկ անի»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալը՝ փեսան՝ Ավետիս Առաքելյանը։
Սակայն, մեր տեղեկություններով, իշխանություններն «օպերատիվ» աշխատանքներ են տանում նաեւ նրա նկատմամբ, եւ նրան փակելը նույնպես օրերի հարց է։
Բանն այն է, որ միայն դրանից հետո կարող է ՔՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը՝ նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։ Ղուկասյանի կալանավորման պարագայում էլ ընդդիմությունն ավագանիում ունի մեծամասնություն՝ 17 մանդատ, եւ կարող են առանց ՔՊ-ի նիստեր գումարել, սակայն եթե Առաքելյանին «չեզոքացնեն», ՔՊ-ն բոյկոտի ավագանու նիստերը, Նիկոլ Փաշինյանը, ծանոթ ձեռագրով, համայնքապետի ԺՊ կնշանակի՝ կա՛մ Սարիկ Մինասյանին՝ ՔՊ-ի առաջին համարին, որն աշխատում է ՀԷՑ-ի «Մուշ» մասնաճյուղում, կա՛մ Աննա Հակոբյանի ազգականին` Վահագն Մկրտչյանին։
Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որ ում բռնում են, մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա ավագանի, եւ նիստերը կայանան, ու ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականոն աշխատանքը: Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ, նոր թեկնածուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն։
