Վենեսուելայում հնարավոր ցամաքային գործողություններին նախապատրաստվող Վաշինգտոնը երկար սպասված հեռախոսազրույց է ունեցել Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի հետ։ Երկխոսությունը, որը, ըստ «New York Times»-ի, տեղի է ունեցել անցյալ շաբաթ, արագ վերածվել է դիրքորոշումների կոշտ փոխանակման, հայտնել է «Miami Herald»-ը։
ԱՄՆ-ն Մադուրոյին ուղղակի և միանշանակ պահանջ է ներկայացրել. նա, նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, և որդին անվտանգ անցում կստանան միայն այն դեպքում, եթե անմիջապես լքեն երկիրը։ «Դուք կարող եք փրկել ձեզ և ձեր սիրելիներին, բայց պետք է լքեք երկիրը հիմա», - սա է եղել Վաշինգտոնի գլխավոր ուղերձը։
Սակայն բանակցությունները փակուղի են մտել։ Մադուրոյի վարչակազմն առաջարկել է այլ տարբերակ՝ քաղաքական իշխանությունը հանձնել ընդդիմությանը, բայց պահպանել զինված ուժերի վերահսկողությունը, ինչն ԱՄՆ-ն անընդունելի է համարել։ Աղբյուրները խոսակցությունը բնութագրել են որպես «լարված, բայց անորոշ», իսկ դիրքորոշումների տարբերությունը՝ հիմնարար։
Վենեսուելայի շուրջ իրավիճակը մնում է չափազանց լարված, և ԱՄՆ-ն շարունակում է քննարկել Կարակասի վրա ճնշում գործադրելու հնարավոր եղանակները, այդ թվում՝ ռազմական։
