«Հրապարակ» թերթը գրում է․
Օրերս տեղեկացանք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն․ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թ․ նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։
Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։
Ընդ որում՝ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին, փաստորեն, արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։
Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։
«Հրապարակ» թերթը գրում է․
Վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը, որպես կանոն, տարբեր համայնքներում «բուքսիր» թեկնածուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին՝ օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձեւավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են՝ ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։
Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար, կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։ Նրան Շինարար Վահե են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ՔՊ-ական չէ, ավելին՝ հատուկ փորձում է ցույց տալ, որ ՔՊ-ի համակիր չէ։
Օրինակ՝ շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել, Ազատյանն է այս առիթով ստատուս է գրել, թե՝ «իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաեւ գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ ձեւավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն»։ Գրել է նաեւ․ «Էջմիածնում սա երբեւէ չլսված երեւույթ էր։
Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը՝ անկախ արտաքին ազդակներից»։ Ազատյանն «Ավա Գրանիտ» շինարարական ընկերության տնօրենն է։ Ի դեպ, Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, ամերիկաբնակ հրեա, հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը երեկ ժամեր շարունակ իշխող ՔՊ-ականները շրջանառում էին՝ իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին, ով ելույթ է ունեցել ՀՀ-ի դեմ:
Իսկ ի՞նչ էր ասում ամերիկացի փաստաբանը.
«Հայաստանի նկատմամբ հարձակում ենք գործելու ամեն օր, մինչեւ Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր «թիրախին» կալանքի տանել:
Թեեւ փաստաբանը հետագայում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական ու քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին, սակայն ՔՊ-ի պատգամավորներն ու նրանց հարող ՀԿ-ները մեկնաբանել են արտահայտությունը որպես «հակապետական սպառնալիք»։
Նկատենք որ ձեռագիրը նույնն է. ինչպես բարերարի դեպքում Նիկոլ Փաշինյանը գրեց, թե բարերարը ասել է՝ «կմիջամտեմ», եւ այդ բառի վրա կառուցվեց մեղադրանքը, նույնը փաստաբանի դեպքում է: Փաստաբանն ասում է՝ «Կհարձակվենք Հայաստանի վրա….» եւ շարունակում բացատրել՝ ինչպես, իսկ ՔՊ-ն սկսեց տարածել, թե փաստաբանն ասել է՝ «Հայաստանի դեմ գրոհելու ենք». ուրեմն պետք է պատժվի:
Այդ հիմքով, ըստ ՔՊ-ական աղբյուրների, իշխանական շրջանակներում արդեն քննարկվում է Ռոբերտ Ամստերդամի գործունեությունը սահմանափակելու հարցը։
Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանությունները կրկին փորձում են կիրառել արդեն ծանոթ մեխանիզմը. նախ ձեւավորվում է «հակապետական» նարատիվ, ապա գործը տեղափոխվում է իրավական հարթություն՝ ինչպես եղավ Սամվել Կարապետյանի 37 վայրկյան տեւողությամբ ուղերձի դեպքում: «Մեր ձեւով կմասնակցենք» ձեւակերպման համար բարերարին կալանավորեցին. 121 օր է նա բանտում է»։
