Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել

Blog Image

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է․

«Ադրբեջանական կողմը Արցախի Տիգրանակերտում 2025 թվականին իրականացրել է հնագիտական պեղումներ: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հնագիտական արշավախումբը ղեկավարում է ադրբեջանցի հնագետ Թեվեքյուլ Ալիևը: Պեղումները իրականացվել են օգոստոս ամսին: Դատելով ադրբեջանական կողմի տարածվող լուսանկարներից՝ պեղումները իրականացվել են Տիգրանակերտ քաղաքի Վաղքրիստոնեական հրապարակին կից, որտեղ բացվել են 12-13-րդ դարերի վերին շերտերը՝ տնտեսական կառույցների, հորերի և թոնիրների մնացորդներով (նկ. 1-2):

Ադրբեջանական կողմը հնավայրը կոչում է Շահբուլաղ, մի անուն, որ 18-րդ դարից վաղ չէ: Փատորեն քաղաքի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել: Անշուշտ, 12-13-րդ դարի Տիգրանակերտը չէր կարող կոչվել 18-րդ դարի նոմենկլատուրայով:

Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել հայկական կողմի իրականացրած պեղումներին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի հնագետները առաջին անգամ փորձել են մեկնաբանել հայկական կողմի իրականացրած պեղումները: Համաձայն ադրբեջանցի հնագետների՝ հայկական կողմի բացած «աղվանական» եկեղեցին կառուցված է եղել բյուզանդական ճարտարապետության հիման վրա և վերակառուցվել է սիրիական ճարտարապետության հիման վրա: Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել Վաղքրիստոնեական հրապարակի մեծ բազիլիկ տաճարի պեղումներից գտնված հայերեն արձանագրությամբ կավե սկավառակին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի գիտնականները տալիս են արձանագրության բովանդակությունը, չնշելով, թե իրականում ինչ լեզվով է այն գրված, ովքեր են հայտնաբերել այդ արձանագրությունը:

Այժմ, երբ Տիգրանակերտի հնագիտական հետազոտության արդյունքները մանրամասն քննված են ընդամենը մեկ ամիս առաջ հրատարակված «Արցախի Տիգրանակերտ. աաղաքի պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» կապիտալ աշխատության  մեջ, հարկ է նախաձեռնել դրա այլալեզու հրատարակությունները, ինչով և հիմա զբաղված է թիմը: «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ավարտին է մոտենում գրքի ռուսերեն թարգմանությունը: Շնորհակալ կլինենք, եթե հնարավորությունններ ստեղծվեն նաև անգլերեն թարգմանության համար»:

Send