Բազմիցս է խոսվել Նիկոլ Փաշինյանի գործողությունների շարժառիթների մասին, շատերը իրավամբ դրանցում տեսել են թուրք-ադրբեջանական հետք, շատերը կրկին իրավամբ այդ ամենը համարել են կապիտուլյիացիայի հետևանք, շատերը նորից իրավամբ նրա գործողությունները վերագրել են հիվանդագին փառամոլությանը զուգորդված տգիտությամբ։ Այդ ամենը ճիշտ է, սակայն Փաշինյանի ամբողջական պատկերը կազմելու ու հասկանալու, թե իրականում մենք ինչ աղետի մեջ ենք, պետք է ուշադրություն դարձնել նաև հոգեբանական կողմերին։
Երբ Ֆրանկլին Ռուզվելտն առաջին անգամ ընտրվում է ԱՄՆ նախագահ, միանգամից տարբեր օղակներում մարդիկ են հեռացվում աշխատաքից, որոնք ի պաշտոնե ԱՄՆ նախագահի հետ որևէ կապ ունենալ չէին կարող, ընդ որում, այդ մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ միանգամից աչքի է զարնում, սակայն տևական ժամանակ ոչ ոք չէր կարողանում հասկանալ պատճառը։ Միայն որոշ ժամանակ անց Ռուզվելտի կենսագրությունը մանրամասն ուսումնասիրողները պարզում են, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո նա վրեժ է լուծում բոլոր նրանցից, որոնց հետ կյանքի այս կամ այն փուլում խնդիրներ է ունեցել։
Նույնն էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում է, նույնիսկ առանց մանրամասն ուսումնասիրելու էլ հայտնի են բազմաթիվ դեպքեր, որ նրա ողջ ուղին զուգորդվել է ապտակներ ու ծեծ ուտելով։ Նա ծեծ է կերել իր իսկ սեփական լրատվամիջոցում, ծեծ է կերել փողոցում, ապտակ է ստացել Ազգային ժողովում…Բնականաբար այդ ամենը չէր կարող իր ազդեցությունը չթողներ ու չձևավորեր չարացածի, մերժվածի հոգեբանություն։ Ու երբ նման խոցելի մարդը հայտնվում է իշխանության ղեկին, ապա դա կատարյալ աղետ է, քանի որ նրա միակ շարժառիթը վրեժի զգացումն է, ինչն էլ հրաշալի շահարկում են արտաքին շահագրգիռ ուժերը։
Նույն վիճակն է նաև նրան հավատացող փոքրաթիվ շերտերի մոտ։ Այսօր Փաշինյանին հիմնականում (չհաշված շահով առաջնորդվողները) սատարում են հասարակության այն խմբերը, որոնք ձախողել են իրենց կյանքը։ Այդ մարդկանց համար քավության նոխազներ են պետք, որպեսզի որպես մխիթարանք իրենց համոզեն, որ իրենք տգետ են ու չափազանց նեղ մտահորիզոնով, որովհետև մեղավոր է Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենք գտնվում են սոցիալական ամենացածր շերտում ու պատճառը Ռոբերտ Քոչարյանն է, իրենք չեն կարողացել ամուսնանալ ու իրենց կյանքը դասավորել Սերժ Սարգսյանի պատճառով։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իր «Համբո»-ի գլխարկով կարողանում է նրանց չստացված կյանքի համար մեղավորներ առաջարկել։
Բայց իրականում նրանց համար ոչինչ չի փոխվել, Արթուր Մեսչյանի երգի խոսքերով ասած՝ նրանց կյանքը «Ինչ էր երեկ նույնն է այսօր»։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակմանը, ապա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում քրիստոնյա չէ։ Իհարկե մշակութային առումով նա քրիստոնյա է համարվում, բայց նա ոչ ոք է, նա չունի դավանանք, չունի արժեհամակարգ։ Նա քրիստոնյա չէ այն պարզ պատճառով, որ ոչ մի քրիստոնյա երբեք չի ծաղրի Հիսուս Քրիստոսին։ Իսկ նա ծաղրել է բազմիցս ու տարբեր առիթներով։
Երբ նա ժամանակին հայտարարեց, որ «ես նորն եմ ստեղծում», ապա այդ հայտարարությունն իր անձի ուղիղ նույնացումն էր Հիսուս Քրիստոսի հետ (Փաշինյանը հայտնի է իր անձը մշտապես ուրիշների հետ նույնացմամբ)։ Քրիստոսը Գողգոթայի ճանապարհին դիմեց Մարիամ Աստվածածնին՝ ասելով. «Ես նորն եմ արարում»։ Իր անձի նույնացումը Քրիստոսի հետ ոչ միայն ծաղր է, այլև սրբապղծություն։
Երբ նա ժամանակին ցինիկաբար հայտարարեց, թե «մի քանի անգամ մահացել եմ ու հարություն առել», ապա դա նույնպես ծաղր էր, սրբապծղություն ու Հարության մերժում։
Այնպես որ, երբ մենք հայտարարում ենք, որ չի կարելի հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ապա դա Նիկոլ Փաշինյանի մոտ ոչ մի վախ առ Աստված չի կարող առաջացնել, քանի որ նա քրիստոնյա չէ, նա նույնիսկ մուսուլման էլ չէ, նա, էլի եմ կրկնում, ոչ ոք է։ Նա տառացիորեն է ընկալել Ֆրիդրիխ Նիցշեի. «Մի՞թե այս մարդկանց չեն ասել, որ Աստված մեռել է» արտահայտությունը, քանի որ թերուսներն ու տգետներն ամեն ինչ ընդունում են տառացի։
Կարեն Կարապետյան