Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու վեցամսյակն ամփոփենք. Վեհափառը վեհարանում է, Արշակ Սրբազանին հեղինակազրկելու տեսանյութը չաշխատեց, նրան կալանավորեցին։ 4 Սրբազան հայրեր կալանավորված են։
57 եպիսկոպոսներից Փաշինյանի կողմն է անցել 8-10 հոգի, 250 քահանաներից՝ 10-ից ավելի։
Անգամ Շիրակի մարզի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա տեր Ռուբենը, որն իրեն պետականամետ է համարում ու պատրաստ էր Փաշինյանի համար պատարագ մատուցել, վրդովվել է։
«Փաշինյանն ասել է, որ ինքը պատարագների է գնում որպես հայ եկեղեցու սովորական հետևորդ։ Ես ինչո՞ւ պետք է կաթողիկոսի կամ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունը պատարագի ժամանակ չհնչեցնեմ։ Ի՞նչ պարտադրանքներ են դնում քահանաների առաջ։ Դա ինձ դուր չի գալիս»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասել է քահանան։
Իսկ վարչապետը մեկ ամիս առաջ է հայտարարել, թե ինքը պատարագի է գնում ոչ որպես վարչապետ, այլ՝ շարքային քաղաքացի։ Թեև ուղիղ եթերներում միշտ տեսել ենք, որ նրան ուղեկցում է անվտանգության աշխատակիցների, ոստիկանների մի ամբողջ զորք։
Թագավորին չեն հարցնում՝ ուր պետք է գնա, ինչ անի, թագավորն է հրամանը տալիս. դեռ 2 օր առաջ էր այսպես ասել տեր Ռուբենը՝ Փաշինյանին «թագավոր» անվանելով, միևնույն ժամանակ զարմանալով, օրինակ՝ Միքայել Սրբազանի անունն ինքը ինչո՞ւ չպետք է հնչեցնի՝ կարգալո՞ւյծ է, աղանդավո՞ր է. ոչ, ուրեմն պիտի հնչեցնի ու վերջ։
Իսկ տեր Ռուբենի կոչած «թագավորը» չի էլ թաքցնում, որ այնտեղ, որտեղ պիտի գնա պատարագի, Գարեգին Երկրորդի ու սրբազանների անունները չպետք է հնչեն։
Իսկ ովքե՞րն են «թագավորի» հրահանգը հասցնում պատարագիչ քահանաներին։
«Թագավորն» ինքն է խոսովանել, որ այդ հրահանգը կարող են տեղ հասցնել ԱԱԾ-ն կամ ցանկացած ոք, ով ծանոթ է քահանային։
Փաշինյանի հայտարարությունը բոլորը լսեցին՝ օգտագործվում է վարչական ռեսուրս, գործի են դրվում բոլոր երևացող և չերևացող միջոցները, պետական ծառայությունները, և միայն այն բանի համար, որ պատարագներին կաթողիկոսի ու կալանավորված սրբազանների անունները չհնչեն։
Միայն առաջիկա կիրակի օրվա պատարագին Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները չհնչեցնելու համար Տեր Ռուբենին դիմել են և՛ ԱԱԾ-ն, և՛ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար, «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը։
Ու սա առաջին դեպքն է, որ բացահայտվեց. քահանան խոստովանեց՝ իրեն պարտադրել են իր կամքին հակառակ գործողություն անել, իսկ Փաշինյանի մասնակցությամբ ու կաթողիոսի անվան զեղչմամբ արդեն 6 պատարագ է մատուցվել։
«Թագավորն» էլ կիրակնօրյա պատարագի վայրը փոխեց. Կգնա ոչ թե Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցի, այլ՝ Գյումրու «Յոթվերք»։
