Սալորը դեռևս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։
Թարմ սալոր հարուստ է շաքարով (կախված սալորի տեսակից՝ 6-14%) պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու։ Պտուղներում հայտնաբերվել են պեկտինային միացություններ, ֆլավոնոիդներ (ենթավիտամին A), վիտամիններ՝ E, C, P, B խմբի, կալիումի միացություններ, մակրո եւ միկրոտարրեր։ Կորիզի միջուկը պարունակում է մինչեւ 42% ճարպայուղեր։ Սալորը լավ ազդեցություն ունի լյարդի աշխատանքի վրա, հատկապես հեպատիտների դեպքում։ Նաեւ բարերար ազդեցություն է ունենում աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։ Տերեւների եւ պտուղների մեջ հայտնաբերված են կումարիններ։ Այս նյութերը կանխում են արյունատար անոթներում թրոմբների առաջացումը, օգնում դրանց բուժմանն ու ապաքինմանը, նաեւ լայնացնում սրտասնույց անոթները։
Անկասկած, առողջությանը օգուտ է բերում չորացրած սալորը՝ շլորաչիրը, որն ունի միզամուղ, թուլացնող ազդեցություն եւ առողջարար ներգործություն լեղապարկի բորբոքման (խոլեցիստիտ), լյարդի, երիկամների, հիպերտոնիայի դեպքում։ Սպասված արդյունք ստանալու համար սալորը պետք է ճիշտ ձեւով պատրաստել. վրան լցնել եռջուր, բայց երբեք չեռացնել։ Առավոտյան լավ է անոթի ուտել մի քանի հատ սալոր (եթե հնարավորություն կա, կրկնել օրը մի քանի անգամ)։
Բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակվել և օրական ընդամենը 3-4 սալոր ուտել, գրում է doctorpiter.ru-ն։ Սալորը հագեցած է վիտամիններով, բնական հակաօքսիդանտներով, ամինաթթուներով, ինչպես նաև պարունակում է երկաթ, կալիում, յոդ, նատրիում։ Գաստրոէնտերոլոգ Ելենա Մանիլոն պատմել է սալորի օգտակար և վնասակար հատկությունների մասին։ Նրա խոսքով՝ սալորն օգնում է փորկապությանը, քանի որ սալորի դիետիկ մանրաթելը խթանում է աղիների աշխատանքը: Բժիշկը նշում է, որ սալորն օգնում է քաշը վերահսկողության տակ պահել։ Նա նշել է նաև սալորի ցածր կալորիականության մասին։ Այսպիսով, այն կարող է ապահով կերպով ներառվել սննդակարգում յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է նիհարել կամ պարզապես հավատարիմ է առողջ ապրելակերպին:Մասնագետի խոսքով՝ սալորը պաշտպանում է թրոմբներից, օգտակար է սրտի համար, երկարացնում է երիտասարդությունը։ Միաժամանակ՝ մասնագետի խոսքով՝ սալորի հետ պետք է զգույշ լինել նրանք, ովքեր տառապում են ալերգիաներից: Պետք է զգույշ լինել նաև ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների դեպքում։