Վիրուսային իրավիճակը հանրապետությունում չի նահանջում, այլ հակառակը՝ գնալով ահագնանում է։ Արմավիրի մարզի բնակիչը MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ դպրոցներում բացակայությունների թիվը զգալիորեն աճել է հիվանդության պատճառով։
Մասնավորապես, N6 դպրոցում երեխաների մեծամասնությունը ստիպված է գնում դպրոց քանի որ տարեվերջ է, և ունեն գրավոր աշխատանքներ։ «Ամբողջ դպրոցը հիվանդ ա, բայց ուզած-չուզած դպրոց ենք ուղարկում, որովհետև դասատուները թեմատիկներ են տալիս, չեն կարա դրանց ժամանակ ներկա չլինեն»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին։
Ծնողները փորձել են դիմել նաև տնօրինությանը, սակայն ոչ մի արդյունք՝ նախարարությունից դպրոցները փակելու հրաման չեն ստացել։
ԿԳՄՍ-ից MediaHub-ին նշել էին, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել համաճարակային ֆիլտրի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում գրանցվել էր 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների պատճառով։ 11.033-ն ընդհանուր սաների 2.3%-ն է: 11033 ՍՇՎ-ով բացականերից 175-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:
Էմմա Մարտիրոսյան
