Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տրանսպորտային բարեփոխումների մասին միայն խոսվում է, արդյունք չկա․ ահազանգ

Blog Image

Չնայած նրան, որ վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է Երևանի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների մասին, միևնույն
է՝ խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ 

Քաղաքապետարանը պնդում է, որ համակարգում արմատական փոփոխություններ են իրականացվում՝ նպատակ ունենալով բարելավել քաղաքացիների երթևեկության պայմանները, սակայն քաղաքացիները դեռ չեն տեսնում այդ փոփոխությունների դրական արդյունքը։

Տրանսպորտի թանկացման պատճառաբանություններից մեկը հենց այդ բարեփոխումներն էին․ ասվում էր, թե սպասարկման որակը բարձրանալու է, ավտոբուսները նորացնելու են, ժամանակացույցը՝ հստակեցվելու։ Բայց իրականության մեջ պատկերն այլ է։ Շատ կանգառներում մարդիկ դեռ ստիպված են երկար սպասել, կամ էլ ծանրաբեռնվածության հետևանքով չեն կարողանում տեղավորվել ավտոբուսում, և այդպես ստիպված են սպասել մինչև հաջորդ ավտոբուսի ժամանումը։

«Ես ամեն օր օգտվում եմ տրանսպորտից, ու համարյա ամեն օր առավոտյան ու երեկոյան ժամերին շատ «պիկ» ա լինում։ Հիմա դեռ ուսանողները արձակուրդում են, եթե հիմա էլ ծանրաբեռնված ա, պատկերացրեք՝ ինչ ա եղել, օրինակ, 2-3 ամիս առաջ, երբ բոլորը տեղում էին, ու ինչ ա լինելու 1 ամիս հետո՝ ուսումնական տարվա մեկնարկից հետո», – ասում է վրդովված քաղաքացին։

MediaHub-ի հետ զրույցում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը, արձագանքելով մեր կողմից բարձրացված այս խնդիրներին, ասաց՝ քաղաքային իշխանության  կողմից կա որոշում հաստատված շարժակազմի մասին, որով սահմանում է աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին մեքենաների քանակը: «Հետևելով քաղաքային իշխանության որոշմանը՝ մենք սահմանված քանակի տրանսպորտային միջոց ենք դուրս բերում երթուղի»,- նշեց Ասատրյանը։

Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվելու և ամենը մնալու է նույնը, սեպտեմբերից էլ երևանյան փողոցներում բառացի կոլապս է սպասվում:

Էմմա Մարտիրոսյան

Send