Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ի՞նչ տարբերություն Այնթափի ֆեյք տերտերի ու Տեր Արամի մեջ. Հոգևորականները բաժանվելու են նախկինների ու ներկաների

Blog Image

Շուրջ երկու տարի առաջ լրատվամիջոցները, հղում անելով Տեր Հարությունին, գրել էին, որ Այնթափում հայտնվել է Գագիկ անունով ոմն մեկը, որը չունենալով հոգևոր որևէ աստիճան, չսպասավորելով որևէ թեմում, կատարում է հուղարկավորության ծիսական կարգ։ Թե հետագայում ինչ եղավ ֆեյք տերտերի ճակատագիրը, այդպես էլ որևէ տեղեկություն չհաղորդվեց, սակայն հաշվի առնելով մամուլում հրապարակվածը, պետք է ենթադրել, որ ոստիկանությունն այն կընդուներ որպես հաղորդում հանցագործության մասին ու այդ Գագիկին կենթարկեր քրեական պատասխանատվության։

Գրեթե նույն իրավիճակն է ստեղծվելու նաև Հովհաննավանքում, եթե ոմն Ստեփան (նախկինում Տեր Արամ) որոշի պատարագ մատուցել։ Այլևս որևէ տարբերություն չի լինելու Գագիկի, որը չլինելով հոգևորական՝ ծիսակատարություններ են կատարում ու զբաղվում դրամաշորթությամբ, և Ստեփանի միջև, որը լինելով կարգալույծ՝ պատրաստվում է պատարագ մատուցել։

Սակայն հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Եկեցեղական կարգը հայտարարել է, որ մասնակցելու է կարգալուծ եղածի մատուցած պատարագին, այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը բուծում է ֆեյք տերտերների, մյուս կողմից չի ընդունում Եկեղեցու որոշումները։ Սա նույնն է, որ ենթադրենք որևէ նախարար վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արվի, սակայն մյուս օրը որոշի, այնուամենայնիվ, գնալ աշխատանքի ու ստորագրի հրամաններ ու կարգադրություններ, շարունակի ղեկավարել ոլորտը, կարծես ոչինչ չի եղել։

Բացի այդ, պետք է անմիջապես դադարեցվի նաև քրեական հետապնդումը վերոնշյալ Գագիկի նկատմամբ, քանի որ մարդը արել է նույն բանը, ինչը խրախուսում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում չպետք է լինի ընտրովի արդարադատություն, եթե մի բան կարելի է մեկին, նշանակում է կարելի է նաև մյուսին։

Իսկ իրականում պետք է փաստել, որ հասարակությանը Նիկոլ Փաշինյանի կողմից սև որ սպիտակների բաժանելու գործընթացը շարունակվում է նոր դրսևորումներով։ Եթե մի ժամանակ քաղաքական դաշտն էր բաժանված նախկինների ու ներկաների, այժմ նույն բաժանմանն են ենթարկվում նաև հոգևորականները։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, միանշանակ մերժելու են այն հոգևորականներին, որոնք բացահայտորեն խրախուսվում ու հովանավորվում են նրա կողմից, իսկ Փաշինյանի մոլեռանդ կողմնակիցները, իրար հերթ չտալով, համբուրելու են Ստեփանի (Տեր Արամի) ձեռքը՝ դրանով իրենց  հավատարմությունը հայտնելով «իրական Հայաստանին»։

Կարեն Կարապետյան

Send