Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանի գլխարկը ծաղրողները նույն «ժողովրդի թշնամիներն» են, ինչ ժամանակին Ստալինի բեղերի գեղեցկությանը կասկածողները

Blog Image

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն «Իրական Հայաստան» պարտադրված ապազգային ստրկամտությունը «գցում» է ժողովրդի գրպանն ու հայտարարում վերջինիս կողմից ձևավորված գաղափարախոսություն՝ ամենևին ոչ միայն պատասխանատվությունից խոսափելու համար։ Իրականում նման մոտեցումը նաև ներքաղաքական պայքարի գործիք է, որը հատուկ է բացառապես բռնապետական ռեժիմներին ու ֆաշիզմին։

Խորհրդային տարիներին գործում էր միայն մեկ գաղափարախոսություն, որը «ժողովրդի» ցանկությունների «հանրագումարն» էր ու ծառայում էր «բանվորագյուղացիական» դասակարգին։ Ցանկացածը, ով կշեղվեր այդ գաղափարախոսությունից, հռչակվում էր «ժողովրդի թշնամի» ու ենթարկվում կա’մ գնդակահարության, կա’մ բանտարկության, կա’մ աքսորի՝ կախված «շեղվածության» աստիճանից ու «շեղվողի» կարևորությունից։ Հաճախ էլ, ըստ քաղաքական նպատակահարմարության, «ժողովրդի թշնամին» պարզապես «նշանակում» էր կոմունիստական իշխանության կողմից ու ենթարկվում մահապատժի։

Այդպես ստալինյան ժամանակաշրջանում ոչնչացվեց հասարակության գրեթե ողջ էլիտան, որպեսզի ձևավորվի այն «բանվորագյուղացիական» դասակարգը, որը պատրաստ էր կամովին հոշոտել նրան, ով կհամարձակվեր կասկածի տակ դնել Ստալինի բեղերի ընդգծված «գեղեցկությունը»։

Նույն մեթոդն է և այսօր, միայն բացակայում է գնդակահարությունը։ «Իրական Հայաստանը», որը Սահմանադրության փոփոխությունից հետո ձեռք է բերելու պետական կարգավիճակ, այսինքն ամրագրվելու է Մայր օրենքում, Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվում է «ժողովրդի գաղափարախոսություն», իսկ նրան դեմ արտահայտվողները ինքնաբերաբար դառնալու են «ժողովրդի թշնամիներ» ու դատվեն որպես սահմանադրախախտ։

«Իրական Հայաստան»-ը զուրկ է ազգային որևէ արժեքից, այն բացառապես միտված է անդեմ սպառողական մի զանգված ստեղծելուն ճիշտ այնպես, ինչպես խորհրդային վաղ տարիներին «բանվորագյուղացիական» հասարակարգն էր։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ձևավորել նաև իրեն հավատացողներից բաղկացած այնպիսի ֆանատիկների ամբողջություն, որն անվերապահորեն կենթարկվի իրեն, քանի որ ժամանակին դեռևս Հիտլերն էր ասում. «Միայն ֆանատիկ հասարակությունն է հեշտ կառավարվում»:

Իհարկե, այժմ կամ դեռևս մարդկանց չեն գնդակահարում, բայց իշխանությունն ու նրան սպասարկող արբանյակները բոլորին, որոնք քննադատում են «իրական Հայաստան»-ը, նույնիսկ չեն էլ քննադատում, այլ ընդամենը պարզում են Արցախի դրոշը, պատկերում Արարատ սարը, խոսում Հայոց ցեղասպանությունից, հիշում Արևմտյան Հայաստանը, հայհոյում որևէ թուրքի կամ ադրբեջանցու միանգամից հռչակում են պատերազմի հրձիգներ, օտարերկրյա գործակալներ, պետականության հիմքերի վրա հարձակվողներ, թալանչիներ (Ստալինի ժամանակ կոչվում էին կուլակ), մարդասպաններ և այլն։ Իսկ նրանք, որոնք փորձում են նաև գործնական քայլեր կիրառել, կալանավորվում են շինծու մեղադրանքներով։

Ուշագրավ է հենց այսօր տեղի ունեցող մի երևույթ։ Իշխանությունը ոչ թե փորձ է անում հիմնավորել, թե ինչո՞ւ է ելքի ու մուտքի կնիքների վրայից հանվել Արարատ լեռը, այլ պարզապես անցել է գրոհի` վիրավորելով ու ատելություն սերմանելով բոլոր նրանց նկատմամբ, որոնք փորձում են քննադատել այդ քայլը։ Պատճառը մեկն է, նրանց չի հետաքրքրում հիմնավորումը, նպատակը ատելության սերմանումն ու թշնամանքի տարածումն է։

Նիկոլ Փաշինյանը հստակորեն հասարակությանը բաժանում է երկու մասի, բայց այս անգամ ստեղծելով «գաղափարական» հենք։ «Իրական Հայաստան» գաղափարախոսության կրողները կկոչվեն «ժողովուրդ», մյուսները՝ «թշնամի»։ 

Սակայն քանի որ հիշատակեցինք Հիտլերին, թերևս արժե մեջբերել նրա ասածներից ևս մեկը. «Իմ առջև երկու ճանապարհ է. կամ բոլոր ծրագրերս պետք է կատարվեն, կամ անհաջողություն կապրեմ: Հասնելու դեպքում դառնալու եմ պատմության ամենահայտնի դեմքերից մեկը, ձախողելու դեպքում կդատապարտվեմ, կմոռացվեմ ու կանիծվեմ»:

Նրա դեպքում իրականացավ երկրորդ տարբերակը, թեպետ չմոռացվեց, բայց ձախողվեց ու անիծվեց, հետևաբար ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանն ավելի «բախտավոր» լինի մեկից, որը խելքով ու կշռով հազարապատիկ անգամ գերազանցում էր իրեն։

Կարեն Կարապետյան

Send