Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են, ՔՊ-ում լարվածությունը նոր փուլ է թեւակոխում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլեւս «բացահայտված» է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քավության նոխազ դարձրին` ազատելով պաշտոնից։

Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի, եւ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել:

Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի՝ դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թեւակոխում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ խոր լարվածություն կա։

Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար՝ պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանին հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձեւավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, եւ տարածվել է կուսակցության հայտարարություն ընդդեմ Հայկ Սարգսյանի:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների՝ ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին եւ, եթե անհրաժեշտ լինի, «զոհաբերել» Հայկ Սարգսյանին։

Իրավիճակին նպաստել է նաեւ այն, որ Հայկ Սարգսյանը քրեական կապեր ունի. նա Փարաքարում սպանված համայնքի ղեկավարի ենթադրյալ պատվիրատուների հետ է մտերիմ, ուստի հեշտ է նրա դեմ արշավ կազմակերպելը:

Հատկանշական է, որ առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը եւ կայացնել որոշում։

Այսպիսով՝ իշխող կուսակցությունում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին հարաբերությունների, այլեւ ՔՊ-ի քաղաքական կեցվածքի վրա»։


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես և սպասելի էր, եվրոչինովնիկների կողմից հիացական հայտարարություններ եղան:

Ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին հայաստանյան «արևմտամետների» արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա այդ նույն ճանապարհով: Սոցցոոանցերում տարբեր գրառումներով այս տեսակետը պաշտպանում էին նաև մի շարք քպականներ: Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «սրևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել: Ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես «ռուսահպատակներ», «5-րդ շարասյուն» և այլն, ինչի նշանները կան, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր երկրում կան ընդգծված, նույնիսկ ծայրահեղական «արևմտամետներ», սակայն ընդգծված ռուսամետ ուժերը քիչ են (եթե կան): Ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են և հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռվածության և սթափ դատողության դիրքերից: Այսինքն, պայքարը լինելու է ոչ թե արևմտամետների ու ռուսամետների, այլ իշխանության (այդ թվում՝ կից սատելիտների) ու հայամետ, հայաստանամետ ուժերի միջև:

Այս ամենին հավելենք, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ: Այս գործոնը ևս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու:

Send