«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է:
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։
Թեմային շտապեց միանալ նաեւ ՔՊ-ական մյուս «տուրիստը»՝ գործուղումների ամենաշատ մեկնողներից Սարգիս Խանդանյանը, ով հումորով գրեց, որ այս անգամ չի հասցրել Շվեյցարիա գնալ, բայց «մյուս անգամ անպայման կմիանա»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական հաշվարկներով՝ պատգամավորի մեկ գործուղման վրա պետական բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելի։ Եվ երբ այդ գործուղումները վերածվում են լուսանկարների հավաքածուի ու վայելքների, հասարակությունը, բնականաբար, սկսում է հարցնել՝ արդյոք սա՞ է այն աշխատանքի արդյունքը, որի համար ժողովուրդն է վճարում պատգամավորին։
ՔՊ-ում, թերեւս, դեռ չեն որոշել՝ ինչպես են համատեղելու պետական գործուղումները եւ հանգիստը, բայց մի բան հստակ է. «վայելել» բառը նրանց բառապաշարում վաղուց փոխարինվել է «աշխատել» բառով, որպեսզի լուրջ ստացվի։ Իրականում նրանք պետության միջոցներով վայելում են կյանքը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը․ երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաեւ այդ հարցում։
Ընդ որում, ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի․ կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:
Այս ուղղությամբ, ըստ էության, Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները, միեւնույն ժամանակ, հեչ նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը, ուստի՝ իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին:
Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են, միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա-հեսա քաղաքապետ է դառնալու:
