Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական Քաղաքականություն

Պատրաստվեք հանձնելու Տիգրանաշենը. Նիկոլ Փաշինյանն այսօր կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին

Blog Image

Այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով, որոնցից թերևս ամենավտանգավորը, որն իր մեջ միաժամանակ պարունակում է հերթական ողբերգությունը Հայաստանի համար, հետևյալ միտքն է. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Սա ըստ էության ոչ թե սոսկ գրառում է, այլ անուղղակի նախապատրաստում հայ հանրությանը, որ մենք հանձնելու ենք Տիգրանաշենը։ Իհարկե, իր ստոր բնույթի համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր միտքը ձևակերպել է այնպես, որ առաջին հայացքից միանգամայն ողջունելի դիրքորոշում է. ո՞վ չի ցանկանա, որպեսզի վերադարձվեն մեր տարածքները, ո՞վ դեմ կլինի մեր հողերի դեօկուպացիային։ Սակայն իրականում սա հերթական դավաճանությունն է հայ ժողովրդի հանդեպ, հերթական ստրատեգիական կարևորագուն զիջումն Ադրբեջանին, որը մանիպուլացվում է որպես ձեռբերում։

Արծվաշենի վերադարձն ու սահմանազատումն իրականում տարբեր գործընթացներ են, ու առաջինը դիտարկվել է անկլավների փոխանակման շրջանակներում, այլ ոչ սահմանազատման ու սահմանագծման համատեքստում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիշատակում է Արծվաշենի վերադարձի մասին, ուրեմն Ալիևի կողմից կա հստակ պահանջ կամ հստակ պայմանավորվածություն, որ պետք է Ադրբեջանին տրվի Տիգրանաշենը։ Այսինքն մինչ այս եթե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի տարածքները, այժմ հերթը հասնում է Արարատի մարզին։ 

Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ Արծվաշենը մատնանշում է սահմանազատման գործընթացի շրջանակում երկու պատճառով։ Նախ, որպեսզի իր ընտրազանգվածի մոտ տպավորություն ստեղծվի, որ մենք ապագայում ունենալու ենք միայն «ձեռքբերումներ», երկրորդը՝ որպեսզի նույն տրամաբանությամբ Ադրբեջանին հանձնվի Տիգրանաշենը։ Հավելյալ անգամ ուզում եմ շեշտել, որ Արծվաշենի հարցը դուրս է եղել սահմանազատման ու սահմանագծման գործընթացներից ու ոչ առաջնային կարևությամբ, եղել է անկլավնելի փոխանակման օրակարգում։

Հատկանշական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն Արծվաշենից է խոսում այն օրը, երբ Բաքվում ընթանում է ռազմական մեծ շքերթ նվիրված 44-օրա պատերազմում իրեց տարած հաղթանակին։

Իհարկե, Արծվաշենի վերադարձը կարող է ուրախացնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, բայց միայն այդքանը։ Եթե նման բան տեղի ունենա, ապա մենք տոնելու ենք բարոյական հաղթանակ, իսկ Ադրբեջանը՝ իրական։ Որքան էլ Արծվաշենը մեզ համար թանկ լինի, որպես մեր հայրենիքի մի մաս (Տիգրանաշենը նույնպես մեր հայրենիքի մի մասն է, հետևաբար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխանակել մեր հայրենիքից երկու տարածք ու ստեղծել հաղթանակի պատրանք), այնուամենայնիվ ստրատեգիական առումով նա համարժեք չէ Տիգրանաշենին։ Նիկոլ Փաշինյանը խոպանչու տրամաբանությամբ, հաճախ է սիրում կրկնել, որ կկառուցենք մեկ այլ լավ ճանապարհ, կամ կվերանորոգենք առկա այլընտրանքային ճանապարհները։ Սակայն նա կա՛մ տգիտության, կա՛մ դավաճանության արդունքում չի գիտակցում, որ ճանապարի նշանակությունը ոչ թե ասֆալտի որակի լավ կամ վատ լինելն է, այլ նրա կարևորությունը։ Եթե Ադրբեջանին է հանձնվում Տիգրանաշենը, նա միաժամանակ մխրճվում է Արարատի մարզի մեջ, զբաղեցնում է ռազմավարական նշանակության դիրքեր ու ձեռք բերում ուղիղ վերահսկողություն և նշանառության տակ պահում նաև այդ հատվածը։ Ադրբեջանը Հայաստանը վերցնում է ամբողջական օղակի մեջ Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերից։ Հայաստանն այլևս չի կարողանալու որևէ քայլ անել առանց Ադրբեջանի իմացության ու նաև համաձայնության։ Այս գործընթացը բերելու է ոչ թե «խաղաղության պայմանագրի» կնքման, այլ բնական խաղաղության, քանի որ չի լինի այլևս այն պետությունը, որի հետ Ադրբեջանը պետք է պատերազմի։

Ավելորդ է ասել, որ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, որի մեկնարկի մասին կլսենք շուտով, աստիճանաբար Հայաստանը կանգնեցնելու է հայաթափման առջև, այսինքն` հանգեցնելու է փափուկ ցեղասպանությանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անմիջական։

Իսկ Արծվաշենի վերադարձը, եթե իհարկե վերադարձվի, մեզ համար չի ապահովում ոչ մի ստրատեգիական ձեռբերում, այն նույնիսկ չի կարևորվում նաև Ադրբեջանի կողմից, կրկնում եմ, մենք տոնելու ենք միայն բարոյական հաղթանակ՝ մեր ողնաշարի փշրման գնով։

Կարեն Կարապետյան

Send