Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մեկն անվերապահորեն հավատում է Հիսուս Քրիստոսին, մեկը՝ Մուհամեդին, մեկը՝ Բուդդային…ՔՊ-ում էլ՝ Նիկոլ Փաշինյանին

Blog Image

«Ես խարխափում էի տգիտության խավարի մեջ, և իմ հոգևոր հայրը գիտության լույսով բացեց իմ աչքերը»։ Այսպես է սկսվում Բհագավատ Գիտան։ 

Ճիշտ ու ճիշտ մեր նման։ 

Մենք բոլորս փնտրում էինք այն հարցի պատասխանը, թե ով է կառավարությունն ու ով՝ վարչապետը, երբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անսպասելիորեն լուսավորեց բոլորիս։ «Մենք՝ Կառավարության անդամներս, Կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է Կառավարությունը»։ Ահա, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց տիկին նախարարն, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Սակայն որպեսզի որևէ թյուրիմացություն չլինի ու հավելյալ հարց չառաջանա, թե ամեն դեպքում ովքեր են այդ «մենք»-ն ու այնուամենայնիվ ո՞վ է Կառավարությունը, տիկին Գալյանը հարկ համարեց ամփոփել.

«Կառավարության անդամ են նաև այլ նախարարներ»։

Իրապես կարելի է խղճալ բոլոր ՔՊ-ականներին ու Կառավարության ներկայիս անդամներին, քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ նրանցից մեկը, բնականաբար իր ինտելեկտին համապատասխան, փորձում է արդարացնել կամ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի որևէ արտահայտություն, ստեղծվում է էլ ավելի անհեթեթ վիճակ։ Եվ այս անմխիթար վիճակը տիրում է թե՛ գործադիր ու թե՛ օրենսդիր մարմնում։ Իհարկե, Սրբուհի Գալյանը ասել է անառարկելի ճշմտարտություն, որևէ մեկի չի կարող հերքել, պնդելով, որ նախարարները Կառավարության անդամ չեն, կամ վարչապետը վարչապետ չէ ու չի ղեկավարում այդ նույն Կառավարությունը։

Սակայն եթե տիկին նախարարն ամեն ինչ ներկայացնում է հավաքական առումով, ապա Նիկոլ Փաշինյանի համար այդ հավաքականությունը գոյություն չունի։ Եթե Սրբուհի Գալյանը Նիկոլ Փաշինյանին ընդունում է որպես Կառավարության ղեկավարի, ապա պետք է նշել, որ բանավեճի սուբյեկտը՝ Նիկոլ Փաշինյանը, համաձայն չէ այդ մտքի հետ։ Ըստ նրա՝ նա ոչ թե Կառավարության ղեկավարն է, այլ հենց ինքը՝ Կառավարությունը։ «Կառավարությունը ե՛ս եմ» արտահայտությունը ապտակ է ոչ միայն ժողովրդավարությանը, այլ հենց կառավարության անդամներին ու այդ միտքը արդարացնել փորձող նախարարներին։ 

Քանի որ Սրբուհի Գալյանը «լուսավորեց» բոլորիս ու պարզաբանեց, թե ով է Կառավարությունը, մենք էլ որպես երախտապարտ մարդիկ, կցանկանայինք «լուսավորել» նրան։ 

Ո՛չ, տիկին Գալյան, դուք Կառավարության անդամներ չեք, քանի որ «Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է»։ Ձեր համոզմունքները, կարծիքներն ու մոտեցումները նրա համար որևէ արժեք չունեն։ Եթե միջնադարյան Գերմանիայի թագավորներից մեկն իր վասալներին մշտապես ասում էր. «Կարծիք ասել՝ որքան ուզում եք, բայց ենթարկվել պարտավոր եք», դրանով նրանց համար ստեղծելով ազատության որոշակի պատրանք, ապա Նիկոլ Փաշինյանը ձեզ արգելում է նույնիսկ կարծիք հայտնել։ Ձեր յուրաքանչյուր կարծիք կհանգեցնի ձեր պաշտոնանկությանը, իսկ ավելի սուր կարծիքը՝ քրեական գործի հարուցմանը։ Դա է իրականությունը, որքան էլ տրվեք բառախաղերի։

Սակայն պատկերն առավել անմխիթար է օրենսդիր մարմնում, որովհետև այնտեղ հավաքված է «ժողովրդի ծոցից ելած» տարատեսակ մի փունջ, յուրաքանչյուրը՝ մնացած ինտելեկտուալ զարգացվածության այն աստիճանին, որին հասել էր մինչև 2018 թվականը։ Դրանից հետո նրանց համար մտածելը պարզապես դադարեց անհրաժեշտություն լինելուց, քանի որ բոլորի փոխարեն մտածում է Նիկոլ Փաշինյանը։

Օրինակ՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը հայտարարեց, որ իրեն չեն մտահոգում Ալիևի սպառնալիքները, քանի որ ինքն անվերապահորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին։

Իհարկե, լավ բան է հավատքը, մեկը անվերապահորեն հավատում է Հիսուս Քրիստոսին, մեկը՝ Մուհամեդին, մեկը՝ Բուդդային…մեկն էլ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, ընտրության հարց է, բայց անկախ հավատքի դրսևորումներից, կան փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել, իսկ փաստն այն է, որ խաղաղությունը ենթադրում է խաղաղություն առնվազն երկու կողմերի մեջ։ Ու երբ այդ կողմերից մեկը հնչեցնում է սպառնալիքներ, ապա անտեսել այդ սպառնալիքները ու ապավինել միայն սեփական հավատքին, մեղմ ասած, մոլեռանդություն է։ Նման այն աղանդավորներին, որոնց ընտանիքի անդամներից մեկը ծանր հիվանդանում է, բայց մյուսները բժշկի դիմելու փոխարեն նախընտրում են միայն աղոթքը։ Ու արդյունքում ի՞նչ է լինում…չենք ուզում վշտացնել տիկին Պալյանին, բայց արդյունքում հիվանդը մահանում է։

Հիմա որքան էլ դուք առանձին-առանձին կամ միասնաբար աղոթեք Նիկոլ Փաշինյանին, մոմ վառեք նրա նկարի առաջ, պարոն վարչապետի փոխարեն դիմեք Տեր Աստծով, միևնույնն է, առողջ բանականությունը հուշում է մտահոգվել այն կողմի հայտարարություններով, որի հետ ցանկանում եք խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ անտեսումը կհանգեցնի նրան, որ այդ խաղաղությունն ի վերջո կլինի, բայց առանց ձեզ, մեզ, բոլորիս, առանց Հայաստանի Հանրապետության։

Կարեն Կարապետյան

Send