Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին

Blog Image

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պատգամ է հղել։ Արամ առաջինն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրանքաչյուր հայի և ողջ հայության պարտավորությունն է։

 

«Որևէ ազգի համար իր անկախությունը սրբազան արժեք է ու իրավունք և միաժամանակ դրա առողջ ու հզոր պահպանումը նվիրական պարտավարություն է։

 

Ճիշտ է, այսօր Հայաստանը դիմագրավում է տագնապների ու մարտահրավերի՝ ներքին, թե արտաքին։ Ճիշտ է, այսօր Հայաստանն այն չէ, ինչ որ մեր երազում տասնամյակներ շարունակ ցանկացել ենք ունենալ։

 

Սակայն նույն երազն ու իդեալը պետք է պահպանել։ Վայ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս։

 

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը տոնակատարությունից բացի պետք է դառնա հրավեր՝ ամուր ու կանգուն պահելու մեր Հայրենիքը՝ հեռու ամեն տեսակ ներքին բևեռացումներից։

 

 Հայաստանը ողջ հայության Հայրենիքն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները պետք է մոտենան Հայաստանին։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ Հայաստանի պետական պատասխանատուները պետք է մոտենան Սփյուռքին։

 

Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով մենք կորցրեցին Արցախը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության կարևոր կռվաններից մեկը։ Ապրինք ու գործենք այնպես, որ Հայաստանը երբե՛ք հեռու չմնա Սփյուռքից և Սփյուռքը՝ Հայաստանից։

 

 Հայաստանն ու Սփյուռքն իրարից հեռացնելը կամ անջատելը ազգային հերետիկոսություն է։

 

Արդարև, Հայաստանի անկախության նշումը պատգամ է ողջ հայությանը՝ համախմբվելու Հայաստանի Հանրապետության գերագույն արժեքների՝ հողային ամբողջականության, անվտանգության ու գերիշխանության անվթար պահպանման ու առավել հզորացման շուրջ։ Այս գիտակից հանձնառությամբ միա՛յն մեր Հայրենիքի անկախության նշումն իր ճշմարիտ ու ամբողջական իմաստն ու նպատակը կստանա»,- մասնավորապես նշված է Արամ Առաջինի պատգամում»։

 

Ամբողջական պատգամը՝ այստեղ։

Send