Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը, Աշոտ Փաշինյանը ցանկանում է զբոսավար աշխատել․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի անընկալելի թեզեր է առաջադրում ու շրջանառում՝ կապված թե՛ Արցախի էջը փակելու և այն մոռանալու, թե՛ իբրև թե «խաղաղության դարաշրջանի» վրա հասնելու, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման «անպետքության», թե՛ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու հետ: Փաշինյանն այդ ամենը փաթեթավորում է «իրական Հայաստանի» բովանդակազուրկ փայլաթիթեղով, ավելին՝ մի նոր բանաձև է մոգոնել, որ եթե այդքանից հետո մարդիկ երկրում հեղափոխություն չեն անում, ուրեմն՝ լիովին համամիտ են իր ու իր մոտեցումների, «թեզերի» հետ:

Բայց բուն իրականությունն էապես այլ է: Այդ թվում՝ փաշինյանական «թեզերն» ու քայլերը հանրության կողմից ընկալվելու առումով: Դա են վկայում ոչ միայն մեր անհատական դիտարկումները, այլ, որ շատ ավելի կարևոր է, միմյանց հետ կապ չունեցող հետազոտողների կողմից պարբերաբար անցկացված սոցիոլոգիական հարցումները:

Այսպես, օրինակ՝ բոլորովին վերջերս «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն էր այդ և մի շարք այլ թեմաներով հարցում անցկացրել (հուլիսի 17-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում, այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում, 1015 քաղաքացիների շրջանում, հեռախոսակապով) և, մասնավորապես, պարզել հետևյալը. շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ կայուն (երկարատև) խաղաղության հասնել, և հարցվածների ընդամենը 26 տոկոսն է հավատում, թե հնարավոր է՝ խաղաղություն լինի:

Սա հատկանշական փաստ է, մանավանդ, եթե այն համադրում կամ համեմատում ենք նույն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, թե՝ վերջ, արդեն վրա է հասել «խաղաղության դարաշրջանը», այլևս խաղաղության մեջ ենք և այլն:

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, մեկնաբանելով հարցմամբ գրանցված պատկերը, նկատում է, որ դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում:

Ճիշտ է՝ վերջին հարցումն անցկացվել է վաշինգտոնյան ստորագրումից առաջ, բայց հարցը ձևակերպված է եղել շատ ուղիղ. «հավատո՞ւմ եք, արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն»: Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, փաստորեն, միանգամայն հստակ պատասխանել է՝ ո՛չ, չենք հավատում:

«Այսինքն, յուրաքանչյուր 4 մարդուց 1 հոգին է հավատում, որ խաղաղություն կլինի, մյուս 3-ը չեն հավատում»,-նշում է Արմեն Խաչիկյանն ու նկատում, որ եթե դիտարկենք սոցցանցերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե փաշինյանական «խաղաղությանը» հավատացողները կարծես ավելի շատ են: Բայց դա խաբուսիկ տպավորություն է:

Էլ ավելի հետաքրքրական են Արցախի վերաբերյալ հարցի պատասխանի արդյունքները:

Նախ՝ ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ու իր ՔՊ-ն օրնիբուն ասում են, թե Արցախյան շարժման էջը փակված է, Արցախը հայկական չէ ու չի լինելու, մի խոսքով՝ ընդմիշտ մոռացեք Արցախը և նույնիսկ այն, որ Արցախ եղել է ընդհանրապես:

Իսկ ի՞նչ են հուշում «Արարի» հարցման արդյունքները. ՀՀ քաղաքացիները հավատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք և վերադարձնելու ենք Արցախը: Հարցվածների, ուշադրություն... 91 տոկոսը հավատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, վերստին ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այսինքն, հասարակության ընկալման մեջ այս գաղափարը շարունակում է գերակայել: Հա, ու ընդամենը 7,3 տոկոսն է (տեղին է ասել՝ Փաշինյանն ու իր ՔՊ-ն), որ չի հավատում Արցախը վերադարձնելուն:

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեր հետ զրույցում այս առնչությամբ նկատում է. «Ժամանակին (2023-ին Արցախի բռնի հայաթափումից հետո) իմ գործընկերների մի մասը կարծում էր, որ հասարակությունը կսկսի աստիճանաբար համակերպվել այդ կորստի հետ: Ես ասում էի, որ խոշոր տրավմա տանելուց հետո հասարակությունն սկսում է ապաքինվել այդ ծանր հարվածից և սկսում է վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ: Հարցումները, որ անցկացվում են պարբերաբար, ցույց են տալիս, որ հարցվողների 90 տոկոսից ավելին կարծում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, ու հետ ենք բերեու Արցախը: Ու այս ցուցանիշը սահուն աճել է: Սա, կարելի է ասել, շատ պարադոքսալ արդյունք է այն պայմաններում, երբ գործող իշխանությունը բացահայտ հայտարարում է, թե ինքը հրաժարվելու է Արցախից և մոռացության է մատնելու Արցախը: Ավելին, այդ իշխանությունը նույնիսկ փորձում է հասարակությանը համոզել, որ պետք է նա հրաժարվի Արցախի գաղափարից, քանի որ Արցախի համար պայքարն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Սա գործող իշխանության թեզն է: Հիմա հետաքրքիր է, չէ՞, հասարակությունը չի ուզում պատերազմ, հասարակությունը խաղաղություն է ուզում. դա ակնհայտ է: Բայց, միևնույն ժամանակ, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում խաղաղությունը՝ առանց Արցախի, որովհետև դա ստորացուցիչ խաղաղություն է»:

Ոչ պակաս հետաքրքիր դիտարկում կա Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ կապված: Անկախ այն բանից, թե ինչեր են ասում այս առնչությամբ ՔՊ քարոզիչներն ու Փաշինյանը, բոլորին էլ հասկանալի է, որ դա Ալիևի պահանջն է, ըստ որում, Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը վերացնելու, գործնականում այդ հռչակագիրը զրոյացնելու պարտադրանքով: Ու դա Ալիևի առաջադրած նախապայմաններից մեկն է:

«Այս պայմաններում հարցվողների 95 տոկոսը դեմ է Սահմանադրությունը փոխելուն: Դա ևս շատ հետաքրքիր արդյունք է՝ 95 տոկոսը: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա ստորացման ամենածայրահեղ ակտն է, երբ որ դրսից ինչ-որ մի բռնապետություն ստիպում է քո ժողովրդավարական Սահմանադրությունը և քո Սահմանադրության մեխը՝ Անկախության հռչակագիրը փոխել՝ ի շահ այդ բռնապետության»,-ասում է Չալաբյանը:

Այսինքն, սահմանադրական հանրաքվեի դեպքում Փաշինյանը հաջողության ոչ մի շանս չունի:

Այս ամենի հանրագումարում ևս մեկ անգամ ձևավորվում է բավականին խոսուն պատկեր. Փաշինյանն ու իր թեզերը բացահայտ փոքրամասնություն են:

 

«Հրապարակ» թերթը գրում է.  

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավար կազմին՝ աշխատանքի տեղավորվելու համար։ Մեր աղբյուրներն ասացին, որ Աշոտը ցանկանում է պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Հայտնի է, որ նա մեր օրերի նորահայտ նկարիչներից է՝ երկու տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսն էր կազմակերպվել։

Ծառայությունից հետո նա ուսումը կիսատ թողեց եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով էր զբաղվում, հետո սկսեց նկարչությամբ տարվել։ Նա հիմնականում ապրում է ընտանիքից առանձին, վերջին շրջանում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում։ Նախընտրում է ոչ թե կառավարական փափուկ կյանքը, այլ՝ պարզ կենցաղն ու հագուկապը, պատկերասրահում աշխատանքի դիմումով էլ թերեւս փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իր միջոցներով է ապրում, ոչ թե իր ընտանիքի նման՝ բյուջեի փողերով։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգում ունեցած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է Սամվել Կարապետյանի բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով:

Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կուռ եւ հիմնավոր է, այլ այն, որ ակնհայտորեն կա քաղաքական հրահանգ, որն արդեն ստացել է դատական համակարգը՝ ֆեյսբուքյան համապատասխան ուղերձներով ու ցուցումներով։

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ նախկինում գործավար, այսօր դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը պետական համակարգի ծառայող է, ինչը դատարանին դնում է հատկապես զգայուն դիրքում։ Այլ կերպ ասած՝ դատարանից այլ որոշում ակնկալել գրեթե անիրատեսական է, երբ գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս 2024 թվականի հունիսի 17-ին Էջմիածնում 2 րոպեանոց ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամենին»։

Այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ազգային ժողովի դահլիճից նստած ֆեյսբուքյան ստատուսներ եւ ՍՄՍ-ներ էր ուղարկում իրավապահ կառույցներին, որոնք, ըստ էության, պարունակում էին սպառնալիքներ: Նա իր ստատուսներից մեկով ուղղակի սպառնաց. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»։

Հետեւանքը երկար սպասել չտվեց՝ սկսվեց քրեական հետապնդում եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանքի տակ է՝ միայն այդ խոսքերը արտաբերելու համար։

Իսկ վերաքննիչ ատյանի առաջիկա որոշման պատկերը, ըստ մեր իրավապահ աղբյուրների, գրեթե կանխորոշված է։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ»։

Send