Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ի՞նչ տարբերություն Նիկոլ Վովայի Փաշինյանի, Վլադիմիր Իլյիչ Լենինի ու գյուղացի Համբոյի միջև

Blog Image

Երբ մենք դպրոց էինք գնում, հենց մուտքին մեծ տառերով գրված էր Լենինի «ուղերձը» երեխաներին. «Սովորի’ր, սովորի’ր, սովորի’ր»։

Քանի որ խորհրդային ժամանակներում Լենինն Աստծուց հետո երկրորդն էր, իսկ պաշտոնապես՝ առաջինը, ապա մեզ փորձում էին ներշնչել, իբր այս մեկ բառն իր մեջ խոր իմաստ է պարունակում, փիլիսոփայական ամբողջություն, կյանքի ուղեգիծ։

Դե մենք էլ երեխա էինք ու առանձնապես չէինք խորանում` իրո՞ք այդ մեկ բառը վեհություն է, թե՞ սովորական տափակություն։ 

Բայց եթե Լենինը փորձում էր այդ մեկ բառով խորհրդավորություն պահել, ապա Նիկոլ Փաշինյանը դրա կարիքը չունի։ Հակառակը, որքան պրիմիտիվ, որքան «ժողովրդական», այդքան իր ընտրազանգվածի աչքին ամրանում է «մեր Նիկոլը» կերպարը։

Ու «մեր Նիկոլը» սեպտեմբերի 1-ի իր ուղերձում երեխաներին ընդամենն ասում է. «Սովորիր, որ լավ ապրես»։ 

Ճիշտ ու ճիշտ Համբոյի նման, որը Գիքորին տարել էր Թիֆլիս, որ մարդ դառնա. «Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ աղա ես դուրս գալի… Հենց պետք է անես, որ… ես ի՞նչ գիտեմ… ո՜վ տեր աստոծ…»։ Եթե դրան էլ ավելացնենք Բազազ Արտեմի պատասխանը. «Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր… Ձեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ…», ապա պատկերն ամբողջական է դառնում։

Բայց գյուղացի Համբոն երկիր ղեկավարելու հավակնություններ չուներ, ոչ էլ երազում էր, որ Գիքորը երբևէ կլինի Հայաստանի վարչապետը։ Նրա միակ ցանկությունն էր, որ Գիքորը լավագույն դեպքում դառնա Բազազ Արտեմ, վատագույն դեպքում՝ կարողանա իր հանապազօրյա հացը վաստակել։

Ինչ վերաբերում է «մեր Նիկոլին», որի համար Հայաստանը դուքան է, ապա բացի նրանից, որ նրա ուղերձն իսկ և իսկ համահունչ է Համբոյի խոսքերին, այլև ամբողջովին տեղավորվում է «իրական Հայաստան» գաղափարախոսության մեջ, որում չկան ազգային երազանքներ, իղձեր ու ձգտումներ, բացակայում է հայրենասիրությունը, սխրանքների ձգտումը, վեհությունը, արժանապատվությունն ու ինքնասիրությունը։

Որտեղ երեխայի համար օրինակը պետք է լինեն ոչ թե հերոսները, ոչ թե մեր պատմության հաղթական էջերը, այլ ընդամենը սովորական հարկատուները, ինչպիսին մարդկանց ճնշող մեծամասնությունն է։ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ամբողջովին բխում է «այստեց հաց, այստեղ կաց» ստամոքսային տրամաբանությունից, որում լավ ապրելու միակ չափանիշն ուտելն է։

Նիկոլ Փաշինյանի ձգտումն է հայ հասարակությունից կերտել հավաքական Գիքոր, գուցե և ոչ նույնանման ճակատագրով, բայց նույնանման ընթացքով՝ խեղճ, կամազուրկ, աչքերը փակ ու ամեն ինչից անտեղյակ, երազանքներն էլ բացառապես ուլունք ու կոճակ հավաքելու շրջանակներում։

Սակայն ի տարբերություն Համբոյի, որը գյուղացի ազնիվ, անկեղծ, պարզ ու միամիտ մարդ էր, Նիկոլ Փաշինյանը գործում է նենգորեն, մտածված ու թելադրված իր քաղաքական գործչի էտալոնի՝ Էրդողանի կողմից։

Կարեն Կարապետյան

Send