Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել, Կոչուբաեւի ձերբակալությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել: Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները «մատուցում» են իբրեւ «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն», ու նպատակ են դրել մինչեւ հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել, եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել` հարձակվելով եկեղեցու վրա: Մինչ այդ, իրավապահները կշարունակեն ճնշումները հոգեւորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք Կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում: Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգեւորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որեւէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգեւորականների ձերբակալման պատճառ դարձած, ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ քահանան: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։

Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։ Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։ Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսեւորումներին։

Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իրավապահ համակարգին քննադատողները։ Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաեւի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»։

Send